ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականում էր Մարսելի հայկական վարժարանի նախագահը
12.01.2023
Մանկավարժականում էր Մարսելի հայկական վարժարանի նախագահը

ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանն այսօր հյուրընկալեց Ֆրանսիայի Մարսել քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան հայկական վարժարանի նախագահ, գրող Կարեն Խուրշուդյանին։

Բուհի ղեկավարը հանդիպման ընթացքում կարևորեց Մանկավարժականի պրոֆեսորադասախոսական կազմի աջակցությունն ու օժանդակությունը վարժարանին՝ ի նպաստ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների և նրանց հայեցի դաստիարակման։

Պրոֆեսոր Գևորգյանը կրթական կառույցների համագործակցությունը նպատակային համարեց ներկայիս գլոբալիզացիոն քաղաքականության ժամանակաշրջանում՝ ընդգծելով հայաշատ քաղաքում վարժարանի հայապահպան առաքելությունը։

Վստահեցրեց՝ պատրաստ են լսել մտահոգությունները, հետագա համագործակցության վերաբերյալ առաջարկները, որոնց շուրջ Մանկավարժական մայր բուհն իր ներուժով կկարողանա բովանդային և խորքային երկուստեք արդյունավետ գործընթացներ կազմակերպել։

Խաչատուր Աբովյանի անվան հայկական վարժարանի նախագահ Կարեն Խուրշուդյանը ցավով է նկատում ՝ Սփյուռքում ամեն օր ճերմակ Ավարայր է։ Շնորհակալ է Բանասիրական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Աշոտ Գալստյանին և Աելիտա Դոլուխանյանին՝ ներդրման և այդ Ավարայրում իրենց մենակ չթողնելու համար։

Կարեն Խուրշուդյանի դիտարկմամբ, եթե պատմական Սփյուռքի մեր հայրենակիցները կարողացան պահպանել իրենց ինքնությունը Ցեղասպանությունից 100 տարի անց էլ, ապա մերօրյա գաղթող ընտանիքները, հատկապես եվրոպական պետություններում, հեշտ են ձուլվում․«Դժվար է ամեն գնով պահել, նրանց բերել դեպի կրթություն, ի վերջո, դրանից առավել կարևոր է ինքնության պահպանումը»։

Խոստովանում է՝ իր դժբախտության մեջ մեծ երջանկություն ունի․ վարժարանի 16 ուսուցիչներից 8-ը Մանկավարժական համալսարանի շրջանավարտներ են։ Գիտական այդ ներուժի շնորհիվ է նաև կարողանում լուծել 200 սովորողի որակյալ կրթության հարցը։

Կարեն Խուրշուդյանը կարևորեց նաև հատուկ վարժարանի սաների համար Բանասիրական ֆակուլտետի դասախոսական կազմի ջանքերով արևելահայերեն նոր դասագրքի ստեղծումը, ուսումնական ծրագրի մշակումը, ինչպես նաև ուսուցչական կազմի վերապատրաստումներն ու նրանց մեթոդական գիտելիքներով զինումը։

Հանդիպմանը ներկա պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը բարձր գնահատեց Կարեն Խուրշուդյանի՝ հայապահպանությանը միտված աշխատանքներն ու բացառիկ նվիրումը՝ օտար ափերում ուծացման դեմ պայքարում։

Կարեն Խուրշուդյանը նկատում է՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում կրթական օջախ ղեկավարելը բարդ գործընթաց է․ վստահ է՝ բուհի ղեկավարության և ներուժի շնորհիվ՝ Մանկավարժականը բարձունքներ կնվաճի աշխարհի մակարդակով։

Կողմերը վստահեցրին՝ բաց են հետագա համագործակցության․Մանկավարժականը պատրաստ է բազմապրոֆիլ մասնագիտական խորհրդատվության, բուհի առաջնային խնդիրն էլ եղել և մնում է դպրոցների կարիքների վերհանումը։

Կարեն Խուրշուդյանը վարժարանի Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝ վարժարանի բարձրագույն պարգև հանձնեց ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանին․ ի դեպ, այն 44-ամյա վարժարանի պատմության մեջ հանձնվում է 4-րդ անգամ։

Ռեկտոր Սրբուհի Գևորգյանը բուհի Գիտական խորհրդի որոշմամբ՝ Սփյուռքում հայապահպանության գործում ունեցած ավանդի և ՀՊՄՀ-ի հետ համագործակցության համար Մարսել քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան հայկական վարժարանի նախագահ Կարեն Խուրշուդյանին հանձնեց պատվոգիր և հուշանվերներ։