ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականում էր Սևակ Խանաղյանը
12.02.2018
Մանկավարժականում էր Սևակ Խանաղյանը

Մանկավարժական համալսարանի Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ բուհում հյուրընկալվել էր հայ երգիչ, երգահան Սևակ Խանաղյանը:

Հարցուպատասխանի ձևաչափով հանդիպմանը երիտասարդները երգչին ուղղեցին իրենց հետաքրրող հարցերը՝ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի 2-րդ եթերաշրջանի մասնակցությունից մինչև նոր երգեր ու ծրագրեր:

«Եթե չունենամ հաղթելու նպատակ, պարզապես չեմ մասնակցի. ամեն ինչ անելու եմ հաղթելու համար»,-խոսելով Եվրատեսիլ-2018 երգի մրցույթի մասին՝ վստահեցրեց Սևակ Խանաղյանն ու հավելեց՝ մասնակցելու դեպքում հայալեզու երգով կփորձի իր երկիրը ներկայացնել միջազգային հարթակներում՝ ապացուցելու համար, որ երաժշտությունը լեզու և ազգություն չի ճանաչում:

Երգչի կարծիքով՝ երաժշտության մեջ կարևորը հոգին է, մաքրությունն ու անկեղծությունը, որը հասնում է հանդիսատեսին և երգչին դարձնում սիրված, իսկ երգը հաջողված է, եթե դրանում կա զգացողություն և տրամադրություն:

«Անկախ նրանից, թե որտեղ եմ ապրում և ստեղծագործում, միշտ հպարտությամբ եմ որպես հայ ներկայանում. հայերն ու Հայաստանն առանձնահատուկ տեղ ունեն իմ կյանքում»,-վստահեցրեց երգիչն ու խոսեց նաև իր նախասիրությունների, ստեղծագործական ձգտումների, նպատակների և անելիքների մասին:

Անդրադառնալով «Հայաստանի ձայնը» նախագծում իր մասնակցությանը՝ Սևակ Խանաղյանը վստահեցրեց, որ ավելի հեշտ է լինել մասնակից, քան ժյուրի. այդ պարագայում պատասխանատու ես լինում ելույթ ունեցողի ստեղծագործական ճանապարհի հետագա ընթացքի համար:

Իր երկրպագուներին Սևակ Խանաղյանը վստահեցրեց, որ հայտնի և առավել սիրված դառնալու ճանապարհին իրեն ոչինչ հենց այնպես չի տրվել. ամեն ինչ ձեռք է բերվել միայն ու միայն աշխատասիրության շնորհիվ. «Ավելի մեծ թվով երկրպագուներ ունենալը բազմապատկել է աշխատանքս, մեծացրել պատասխանատվությունս»:

Սևակ Խանաղյանը խոստովանեց, որ մշտապես հաճույքով է շփվում երիտասարդների հետ, լիցքավորվում նրանց դրական լիցքերով, իսկ որպես օրվա ավարտ՝ կատարեց երկրպագուների սիրելի երգերից և լուսանկարվեց նրանց հետ: