ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականում էր Սոկրատ Խանյանը
29.02.2024
Մանկավարժականում էր Սոկրատ Խանյանը

«Հայոց աշխարհում կան գերաստղեր և աստղեր, որ միասին լուսավորում են մեր մայրենի մշակույթի ճանապարհը: Դժվար է Նարեկացի, Քուչակ ու Սայաթ Նովա, Թումանյան, Իսահակյան, Տերյան, Շիրազ, Սևակ ու Սահյան ունեցող ստեղծագործ ժողովրդի մեջ բանաստեղծ կոչվել»,- համեստորեն նշում է Սոկրատ Խանյանը:

Բանաստեղծ, գրականագետ, մանկավարժ, Արցախի պետական համալսարանի հայ գրականության ամբիոնի երկարամյա վարիչը Մանկավարժականում էր:

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խանյանի 94-ամյակն օրերս է լրացել. ՀՊՄՀ Բանասիրական ֆակուլտետը մեծարանքի ցերեկույթ էր կազմակերպել անվանի արցախցու մասնակցությամբ:

Ձեռնարկի ընթացքում Սոկրատ Խանյանի կյանքը, գիտամանկավարժական գործունեության հիշարժան պահերը ներկայացրին դոցենտ Նաիրա Խաչատրյանն ու ուսանողները: Ցերեկույթն ուղեկցվեց բանաստեղծի ստեղծագործությունների ասմունքով, երաժշտական գեղեցիկ կատարումներով:

Նաիրա Խաչատրյանը, ինչպես նաև Արցախի պետական համալսարանի գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ դոցենտ Նոնա Դավթյանը գրականագիտորեն վերլուծեցին բանաստեղծի գործերը:

Սոկրատ Խանյանի հետ անցած ճանապարհի հետաքրքիր հիշողություններով ներկաների հետ կիսվեցին պրոֆեսորներ Աելիտա Դոլուխանյանը, Սուրեն Դանիելյանը, Էդվարդ Մկրտչյանը, ասպիրանտ Հովհաննես Սարգսյանը:

Ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Աշոտ Գալստյանը կարևորեց նախաձեռնությունն ու ընդգծեց ապագա բանասերների համար նման հանդիպումների կազմակերպումը։

Միջոցառումն ամփոփվեց Սոկրատ Խանյանի ՝ «Մեր հողը» բանաստեղծության հիման վրա ստեղծված նոր երգի պրեմիերայով։