ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականում էր Վրոցլավի համալսարանի դոկտորը
07.05.2024
Մանկավարժականում էր Վրոցլավի համալսարանի դոկտորը

Մայիսի 2-6-ը Erasmus+ ծրագրի դասախոսների շարժունության ծրագրի շրջանակներում Մանկավարժական համալսարանում հյուրընկալել էր Լեհաստանի Վրոցլավի համալսարանի Մանկավարժության բաժնի դասախոս Յուստինա Պիլարսկան։

Այցի շրջանակներում դոկտոր Պիլարսկան հանդիպումներ ունեցավ Օտար լեզուների ֆակուլտետի դեկանի, ամբիոնների վարիչների և դասախոսական կազմի հետ։ Առանձնակի արդյունավետ էին լեհ գործընկերոջ գիտագործնական դասերը ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության, ինչպես նաև անգլերենի և գրականության բաժինների ուսանողների հետ։ Հատկապես արժեքավոր էին սեփական հարուստ դասավանդման փորձի ներկայացման, դասավանդման և միջմշակութային հաղորդակցության փոխկապակցվածության վերաբերյալ իրականացված նրա դիտարկումները։ Ուշագրավ էր նաև մշակութային համատեքստի համակարգված, խորքային ընկալման և արդյունավետ հաղորդակցության ռազմավարության վերաբերյալ անդրադարձը։

Նշենք, որ դոկտոր Պիլարսկան մասնագիտանում է կրթության և դասավանդման մեթոդիկայի ոլորտներում։ Նա հայտնի է միջմշակութային հաղորդակցության ոլորտում հետազոտական աշխատանքներով, մասնավորապես՝ արևելաեվրոպական մշակութային առանձնահատկությունների, Ճապոնիայի մշակութային յուրօրինակությունների վերաբերյալ։

Ի դեպ, լեհ գիտնականը թեմաների վերաբերյալ ունի բազմաթիվ հրապարակումներ և մշակած դասընթացներ։

Կողմերը հույս հայտնեցին, որ կրթական կառույցների միջև համագործակցությունը կլինի շարունակական և երկուստեք արդյունավետ։