ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականում իրենց պրակտիկան կանցկացնեն շվեյցարացի ուսանողները
08.04.2019
Մանկավարժականում իրենց պրակտիկան կանցկացնեն շվեյցարացի ուսանողները

Մանկավարժական համալսարանում են շվեյցարացի ուսանողներ և դասախոսներ, որոնք իրենց երկշաբաթյա պրակտիկան կանցնեն հայկական պետական մանկավարժական համալսարանում:

Ցյուրիխի արվեստների համալսարանի և «Արտաս» հիմնադրամի հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում մրցույթը հաղթահարած ՀՊՄՀ-ի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի 8 ուսանող և 2 դասախոս սեպտեմբերին փոխադարձ այցով կլինեն Ցյուրիխի արվեստների համալսարանում:

Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանը ողջունեց հյուրերին և հույս հայտնեց, որ նոր սկիզբ դրված համագործակցությունը կլինի շարունակական ու արդյունավետ և´ հայ, և´ շվեյցարացի ուսանողների համար:

«Սա ևս մեկ կարևոր քայլ է պրակտիկայի կատարելագործման ճանապարհին, որը հնարավորություն կտա ոչ միայն զարգացնել գիտելիքները, ծանոթանալ միմյանց մանկավարժական մեթոդներին, այլև կլինի մշակութային երկխոսության հիանալի հարթակ»,-նշեց Արա Հակոբյանն ու հաջողություն մաղթեց մասնակիցներին:

aspu.am-ի հետ զրույցում դեկանն ուրախությամբ հավելեց, որ մրցույթին դիմողների թիվը մեծ է եղել: Նա այն կարծիքին է, որ ապագա արվեստագետը միայն գրքերի միջոցով չի կարող ծանոթանալ եվրոպական մշակույթին. արվեստի հետ պետք է ծանոթանալ տարբեր երկրներ այցելելով: Ի դեպ, մանկավարժական պրակտիկայի հագեցած առօրյայի մաս են կազմում նաև դպրոցներ այցերը: Դեկանը վստահեցրեց, որ ծրագրից զատ, որում հիմնականում շեշտադրվում են մանկավարժական պրակտիկան և մեթոդներին ծանոթանալը, շվեյցարացի ուսանողները ցանկության դեպքում կարող են մասնակցել դասերին, ստեղծագործել արվեստանոցներում և այլն:

Արա Հակոբյանը հավելեց նաև, որ տարբեր ծրագրերի շրջանակներում ֆակուլտետի դասախոսներն ու ուսանողները առիթ ունեցել են լինելու այլ համալսարաններում, սակայն Ցյուրիխի արվեստների համալսարանի հետ համագործակցությունն առաջինն է. բուհի ներկայացուցիչները դեռ մեկ տարի առաջ եղել են Մանկավարժականում, ծանոթացել ֆակուլտետի գործունեությանն ու մասնագիտություններին:

«Պրակտիկայի բարելավումն ու միջազգային համագործակցության ընդլայնումը Մանկավարժական համալսարանի գործունեության առաջնահերթություններից է: Հույս ունենք, որ այս նոր ձևաչափով համագործակցությունը կլինի շարունակական և եռակողմ արդյունավետ ինչպես հայ և շվեյցարացի ուսանողների ու դասախոսների, այնպես էլ աշակերտների համար»,-նշեց ՀՊՄՀ-ի Պրակտիկայի կենտրոնի ղեկավար Վահան Սարգսյանն ու հաջողություն մաղթեց ծրագրի մասնակիցներին: