ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականում կարևորում են միջառարկայական կապերը․․․  
21.12.2022
Մանկավարժականում կարևորում են միջառարկայական կապերը․․․   

 

«Մեկ ժամ և ծանոթություն արվեստի աշխարհի հետ, որն անծայրածիր է, երբեմն ոչ այդքան հասկանալի, բայց միևնույն ժամանակ խորը, զգայուն, մարդկային ու  իրական։ Գեղարվեստական կրթության ֆակուլտետում  «քայլում ես» գեղեցիկի հետքերով․ զգալ է պետք»,- ՀՊՄՀ «Լրագրություն» բաժնի 3-րդ կուրսի ուսանող Միլենա Սողոմոնյանի դիտարկումն է, որը, կուրսընկերների հետ, մասնագիտական  հերթական դասն անցկացրեց ոչ թե լսարանում, այլ իր յուրահատկությամբ աչքի ընկնող  բուհի մեկ այլ  ֆակուլտետի արվեստի լսարանում։

«Եթե հետապնդենք գեղեցիկը՝ կհայտնվենք Գեղարվեստական կրթության  ֆակուլտետում․ մտնելով լսարան՝ հայտնվում ես արվեստի գրկում, դառնում  դրա մաս։ Նույնիսկ լսարանի վարագույրներն են արվեստի մեջ թաթախված․ փոքրիկ սենյակում կարծես արտացոլվում է բնությունը, մայրությունը, գեղեցկությունը, իրականությունը, մարդկային արժեքները, հույզերն ու հայերիս մտատանջող պատմական մի շարք իրողություններ»,-հավելում է  Միլենա Սողոմոնյանը։

Միջառարկայական կապի ամրապնդումը Մանկավարժականում  կրթական գործընթացի կարևոր բաղադրիչ է․ Գեղարվեստական կրթության ֆակուլտետ այցն այն   զարգացնելու և  ֆակուլտետների միջև  փոխգործընկերությունը ամրապնդելու, արվեստին ու մշակութաբանությանը ծանոթացնելու փորձ Է։

Կուրսղեկ Դիանա Մարկոսյանի, ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանի ուղեկցությամբ, ապագա լրագրողները շրջայց կատարեցին, ծանոթացան կառույցի պատմությանը, դիտեցին ներկայացված ցուցահանդեսը, եղան արվեստանոցներում։

Արա Հակոբյանը նկատում է՝  թափանցիկ ապակիներով  լսարանները, որ նաև արվեստանոց են,  ստեղծագործող  ուսանողների համար առավել ազատ ու ներդաշնակ են։ Հավելում է՝  ցուցադրված անվանի արվեստագետ-մանկավարժների արվեստի գործերն էլ նպաստում են առավել  արդյունավետ կազմակերպել դասախոսությունները․ «Արվեստաբանի գլխավոր խնդիրն է՝ գտնել լավագույն աշխատանքը, առանձնացնել այն․ աշխատանքը հեշտերից չէ։ Արվեստում կարևորը որակն է, ոչ թե քանակը, մեծությունը կամ էլ ժամանակը»,-այցի ընթացքում նշեց դեկանը։