ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականում մեկնարկել են ֆրանկոֆոն միջոցառումները
06.12.2017
Մանկավարժականում մեկնարկել են ֆրանկոֆոն միջոցառումները

Առաջիկա տարում նախատեսվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթաժողովն անցկացնել Հայաստանում: Այդ շրջանակներում Մանկավարժական համալսարանում մեկնարկել է միջոցառումների շարք, որով կամրապնդվի ֆրանկոֆոն երկների համագործակցությունն ու մշակութային երկխոսությունը:

«Հարցեր ֆրանսիական մշակույթից» խաղ-մրցույթն առաջին ձեռնարկն էր, որ ֆրանսերենի և ֆրանսիական մշակույթի շուրջ համախմբեց Օտար լեզուների ֆակուլտետի տարբեր բաժինների ուսանողներին:

Կապույտ, սպիտակ և կարմիր՝ երկրի դրոշի գույները խորհրդանշող երեք թիմերը միմյանց հետ մրցույթում պարզեցին մեր երկրի բարեկամ Ֆրանսիայի մասին ունեցած գիտելիքները:

Ֆակուլտետի դասախոսներից համալրված ժյուրին գնահատեց թիմերի պատասխաններն ու նրանց հանձնեց 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերի մրցանակները, հավաստագրերն ու նվերները:

«Ֆրանսիան եվրոպական երկրներից Հայաստանի հանդեպ ամենաջերմ ու հարազատ երկիրն է և եվրոպական քաղաքակրթության օրրանը»,-նշեց Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Տիգրան Միքայելյանն ու հավելեց, որ ուսանողները մեծ ոգևորությամբ են պատրաստվում միջոցառումներին:

Վերջինս հավելեց նաև, որ այդ շրջանակներում նախատեսել են անցկացնել համահամալսարանական միջոցառումներ. «Նամակ իմ սիրելի ֆրանսիացուն» ստեղծագործական շարադրությունների մրցույթն ու «Ճանաչում ենք Ֆրանսիան մշակութային խորհրդանիշների միջոցով» ցուցադրությունն իր շուրջը կհամախմբի տարբեր մասնագիտության ուսանողներին՝ միասին ճանաչելու սիրո երկիր Ֆրանսիան:

aspu.am-ի հետ զրույցում Տիգրան Միքայելյանը վստահեցրեց, որ ֆրանսիական մշակույթը հոգեհարազատ է հայերին, ուստի պետք է դրա տարածումը սկսել դեռ փոքր տարիքի երեխաների շրջանում՝ ֆրանսիական գրականության թարգմանությունից:

Խաղ-մրցույթի կազմակերպիչը Ռոմանագերմանական լեզուների ամբիոնի դասախոս Միրա Կարապետյանի կարծիքով՝ չնայած ֆրանսերենով հետաքրքրվողների թիվը մի փոքր նվազել է, բայց նման ձեռնարկներով հնարավոր է վերականգնել ֆրանսերենի և այդ երկրի մշակույթի հանդեպ հետաքրքրությանը:

Խաղին մասնակից ուսանողները ևս ոգևորված են. խաղում մրցեցին դրոշի գույների՝ կապույտի, սպիտակի և կարմիրի խորհուրդներով՝ եղբայրություն հավասարություն և համախմբվածություն: