ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականում նշեցին Սուրբ Հարության տոնը
01.04.2024
Մանկավարժականում նշեցին Սուրբ Հարության տոնը

Տերունական աղոթքով Մանկավարժական համալսարանում մեկնարկեց Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին  նվիրված միջոցառումը։

Սուրբ Զատկի տոնական սեղանին պարտադիր մաս կազմող ներկված ձու, ձուկ, չամիչով փլավ, տարատեսակ կանաչիներով ուսեստներ, գինի, զատկական ավանդական այլ ճաշատեսակներ և անուշեղեն․ բուհի 10 ֆակուլտետների ուսանողները օրը խորհրդանշող զարդարված սեղաններով դիմավորեցին մասնակիցներին՝ միմյանց հաղորդելով տոնի գեղեցիկ ավետիսը՝ «Քրիստոս հարյավ ի մեռելոց»։

Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար և ամենասիրված տոներից մեկին նվիրված միջոցառմանը ներկա  էին  Ուսումնագիտական  գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու սպասավոր Գեղամ սարկավագ Ավետիսյանը, դասախոսներ, ուսանողներ։

Գեղամ սարկավագը մեկ անգամ ևս ներկայացրեց Աստվածորդու համբարձման տոնի խորհուրդն ու պատմությունը՝ նկատելով, որ այն ոգեկոչման,  պայծառացման, նոր հույսերի և Քրիստոսի ուղարկած լույսով առաջնորդվելու օր է․ «Մենք ապրում ենք ճգնաժամային ժամանակաշրջանում․ այս տոնը  գալիս է մեզ ուժ և հույս տալու, սովորեցնում՝ պետք է հառնել, պայքարել և արարել, հավատարիմ մնալով մեր առաքելությանը։ Տիրոջ օրհնությունը, շնորհն ու ողորմությունը բոլորիս»,-նշեց նա։

Ներկաները շրջեցին, լսեցին տոնական խորհրդանշական ուտեստների մասին մեկնաբանություններ, համտեսեցին ուսանողների ձեռքերով պատրատած տոնի կերակուրներից։

Միջոցառումն ուղեկցվեց Ուսանողական խորհրդին կից «Ուրֆա» համույթի պարերով։