Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում բացվեց հայագիտական գրքի միջազգային առաջին՝ «Գրատոն» էքսպո-տոնավաճառը:
Միջոցառումն անցկացվեց Միջազգային հայագիտական առաջին կոնգրեսի շրջանակներում, որի նպատակն է ոլորտը պետական մակարդակով համակարգելը, նպաստել աշխարհում գործող հայագիտական կենտրոնների գործունեության զարգացմանն ու կենսունակությանը։
Միջազգային հայագիտական գրատոնի նպատակն է հրատարակությունների միջոցով ներկայացնել հայագիտության ոլորտում իրականացվող ուսումնասիրություններն ու դրանց ընդգրկվածությունը միջազգային հարթակներում:
Առաջին անգամ կազմակերպվող հայագիտական էքսպո-տոնավաճառին ներկայացված էին Հայաստանի, Սփյուռքի պետական և մասնավոր շուրջ երկու տասնյակ հրատարակչությունների, թանգարանների, տարբեր ինստիտուտների՝ վերջին 5 տարիների հայագիտական հրատարակությունները, այդ թվում՝ Մանկավարժական համալսարանից։
Փառատոնի կազմկոմիտեի ընտրությամբ՝ «Գրատոն» էքսպո-տոնավաճառին ներկայացված էին ՀՊՄՀ պրոֆեսորներ Աելիտա Դոլուխանյանի, Աշոտ Գալստյանի, Վազգեն Համբարձումյանի, Լալիկ Խաչատրյանի, Խաչատուր Ստեփանյանի, Սամվել Պողոսյանի, դոցենտ Էդգար Հովհաննիսյանի հեղինակած գրքերը, գիտաժողովների նյութերի ժողովածուներ, Հայագիտական հանդեսի համարներ․ 25 անուն գիրք։
Այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալու հայագիտական, միջնադարագիտական, պատմագիտական, ձեռագրագիտական, գրական-գրականագիտական, լեզվաբանական նոր ու արժեքավոր գրքերի:
Նշենք, որ Միջազգային հայագիտական առաջին կոնգրեսի շրջանակներում ցուցահանդես և էքսպո-տոնավաճառից բացի, կանցկացվեն մի շարք միջոցառումներ՝ համաժողով, հայագիտության ժամանակակից մարտահրավերներն ու խնդիրները քննարկող զեկուցումներ, կլոր սեղան-քննարկումներ։