Հայկական պետական մանկավարժական համալսարանի և ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի միջև կնքվեց համագործակցության հուշագիր։ Այն ստորագրեցին Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկան Գագիկ Դեմիրխանյանն ու ինստիտուտի տնօրեն Լիլիթ Դաշտոյանը։
Հաշվի առնելով հանրակրթական ծրագրերում ԲՏՃՄ ոլորտում և ՏՀՏ ուղղության առջև ծառացած մարտահրավերներն ու զարգացման հիմնախնդիրները՝ կառույցները համատեղ կիրականացնեն գիտահետազոտական, գիտամանկավարժական աշխատանքներ, տեսագործնական դասընթացներ։
Դրանք նպատակաուղղված են լինելու համալսարանի ուսանողներին ծանոթացնելու մեխանիկա գիտության հիմնահարցերին, կիրառական ուսումնասիրությունների, հետազոտությունների նկատմամբ հետաքրքրություն առաջացնելուն, առավել ընդունակ և խոստումնալից ուսանողներին գիտահետազոտական աշխատանքներում ներգրավվելուն։
Հուշագրի շրջանակներում կկատարվեն նաև բակալավրիատի և մագիստրատուրայի ավարտական աշխատանքների և թեզերի նախապատրաստման խորհրդատվություն, ուսանողների մասնակցությամբ փորձարարական հետազոտություններ, կիրականացվեն այլ նախագծեր ևս։
Համագործակցության նախաձեռնությունը Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Լուսինե Ղուլղազարյանինն է։
Կողմերը կարևորեցին կառույցների համագործակցությունն ու հույս հայտնեցին, որ այն հնարավորություն կտա ապագա ուսուցիչներին առավել լավ հասկանալ կրթության և գիտության կապն ու դրանց զարգացումը։