ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականը պատրաստ է վերապատրաստել՝ ըստ մասնագիտական կարիքների
27.09.2024
Մանկավարժականը պատրաստ է վերապատրաստել՝ ըստ մասնագիտական կարիքների

Մանկավարժական համալսարանում մեկնարկել է պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման գործընթացը։ Այն այս տարի իրականացվում է մասնագիտական կարիքների գնահատման հիման վրա՝ ուսուցչի և տնօրենի կողմից Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում (ԴԿՏՀ)՝ հարցաթերթիկի լրացման միջոցով:

Ընթացիկ տարում ՀՀ կառավարությունը «Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման» կարգում կատարել էր փոփոխություններ․ վերապատրաստման և ատեստավորման են ենթակա 5 տարվա շրջափուլով հերթական ատեստավորման, մինչև 5 տարվա աշխատանքային փորձ, ինչպես նաև առարկայական գիտելիքի իմացության կարիք ունեցող ուսուցիչները:

Գործընթացը Մանկավարժականում մեկնարկել էր դեռևս 2021 թվականին: 2021-2023թթ. բուհում իրենց մասնագիտական ու առարկայական գիտելիքներն են թարմացրել, զարգացրել շուրջ 500 ուսուցիչ՝ ստանալով կրեդիտներ տարբեր մոդուլներից:

Ըստ նոր կարգի, վերապատրաստումները կիրականացվեն 4 մակարդակով՝ կատարված գնահատումների արդյունքում արձանագրված մասնագիտական զարգացման կարիքից ելնելով․ ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքը ձևավորվում է ըստ մոդուլների՝ յուրաքանչյուր մոդուլի համար նշելով համապատասխան մակարդակը:

Գործընթացի պատասխանատու ՀՊՄՀ Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանն aspu.am-ի հետ զրույցում վստահեցրեց՝ առարկայական գիտելիքի իմացության կարիք արձանագրած, ինչպես նաև առարկայական գիտելիքների ստուգումից 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների վերապատրաստումը բուհում իրականացվում է երաշխավորված ծրագրի հիման վրա․ «Այս տարի վերապատրաստվողների թիվն աննախադեպ է՝ շուրջ 400 ուսուցիչ: Երկրորդ տարին անընդմեջ Մանկավարժականը իրականացնում է այս առաջնահերթ գործընթացը․ այս փուլի նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են օգոստոսին։ Սեպտեմբերի 16-ից հոկտեմբերի 18-ը դասընթացները կանցկացվեն 20 առարկայից։ Նշված խմբի ուսուցիչների համար ատեստավորումն իրականացվելու է առարկայական գիտելիքների ստուգման միջոցով»։

ՀՊՄՀ Գիտահետազոտական կենտրոնը, բուհի աշխատանքային խումբը վերապատրաստումների չափորոշչի և ծրագրի հիման վրա վերապատրաստման ծրագրի յուրաքանչյուր բաժնի համար մշակել և ԿԳՄՍՆ երաշխավորման է ներկայացրել բարդության 3 մակարդակի դասընթաց՝ 12 բաժիններով։

Խառը ձևաչափով դասընթացների առաջին շրջափուլը կմեկնարկի հոկտեմբերի 12-ից, իսկ մինչ այդ՝ հայտագրված ուսուցիչների շրջանում կիրականացվի հայտորոշիչ թեստավորում՝ ուսումնառության գնահատում, ուսումնական գործընթացի համընդհանուր ներառականությունն ու մասնակցությունն ապահովող կարողություններ, մասնագիտական բարեվարքություն, ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն բաժինների 2-4-րդ մակարդակների համար:

Նշենք, որ ուսուցիչն ատեստավորման համար պահանջվող կրեդիտները, մասնագիտական զարգացման կարիքին համապատասխան, կարող է հավաքել ատեստավորման համապատասխան շրջափուլի ընթացքում: