ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժության արդի հիմնախնդիրներն ու լուծումները՝  գիտաժողովում
29.05.2024
Մանկավարժության արդի հիմնախնդիրներն ու լուծումները՝  գիտաժողովում

«Արշավիր Շավարշյանը դատապարտված էր իր ողջ կյանքը նվիրել մանկավարժությանը, կարևորել մանկավարժական գործունեության, գիտելիքի փոխանցման, վերլուծական մտքի այն կարևորագույն ունակությունը, որն այսօր անվանում ենք քննադատական մտածողություն։ Նա համադրեց իր ժամանակի աշխատությունները, մասնակցեց մանկավարժության և հոգեբանության բնագավառներում մտքի ահռելի զարգացմանն ու նորանոր գիտելիքների ստեղծմանը»,-այսօր ՀՊՄՀ-ում կայացած «Մանկավարժության արդի հիմնախնդիրներ, լուծումներ» խորագրով ուսանող-դասախոս համատեղ գիտաժողովին նշեց ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը։

Մանկավարժության ամբիոնի գիտական ձեռնարկն այս տարի նվիրված էր ականավոր մանկավարժ-հոգեբան, բուհի առաջին ռեկտոր, պրոֆեսոր Արշավիր Շավարշյանի 140-ամյակին։

Պրոֆեսոր Գևորգյանն անդրադարձավ մեծ մանկավարժի կենսագրությանը, մասնագիտական գործունեությանը, մանկավարժությանն ու դրա պատմությանը նվիրված նրա հիմնարարար աշխատություններին, թարգմանություններին, խնդրահարույց հարցերի վերլուծությանը։

Նա անգնահատելի համարեց Արշավիր Շավարշյանի ունեցած դերակատարումը անգրագիտության վերացման, դպրոցների նյութատեխնիկական բազան վերակագնելու, նորը ձեռք բերելու, մանկավարժների պատրաստման և վերապատրաստման, մեթոդական-ծրագրերի ստեղծման գործում։

Սրբուհի Գևորգյանը բարձր գնահատեց նաև Արշավիր Շավարշյան գիտնականի գործունեությունը, որն առ այսօր մանկավարժության, մանկավարժության պատմության, փիլիսոփայության մեթոդաբանության բնագավառներում պահպանում է իր արդիականությունը։

Ռեկտորը հույս հայտնեց, որ Արշավիր Շավարշյանի և  մեծանուն մյուս մանկավարժների շնորհիվ   ուսանողներն իրենց կատարած հետազոտություններում  կվերհանեն հայ կրթական մանկավարժական  մտքի հարացույցի կարևորագույն արժեքները։

 «ժամանակն արժևորում է մեր նշանավոր մանկավարժների թողած ժառանգությունը: 120 տարի առաջ Լայպցիգի և Վիեննայի համալսարաններում ուսանելուց հետո՝ Արշավիր Շավարշյանը որոշեց հետևել իր ուսուցիչների՝ Ղազարոս Աղայանի և Պերճ Պռոշյանի օրինակին և նվիրվել մանկավարժությանը»,- գիտաժողովին նշեց Մանկավարժության ամբիոնի վարիչ  Աիդա Թոփուզյանը։

Պրոֆեսորը նկատեց՝ Արշավիր Շավարշյանը 200-ից ավել աշխատություններ ունի մանկավարժության պատմության, մանկավարժական մտքի տարբեր հարցերի վերաբերյալ․ եթե ուրիշ ոչինչ չգրեր, միայն «Հայ մանկավարժներ» երկհատորյակը բավական էր, որ նա ընդմիշտ մնա հայ մանկավարժության պատմության մեջ:

Աիդա Թոփուզյանը, ներկայացնելով Արշավիր Շավարշյանի հարուստ կենսագրությունը, ընդգծեց այն մեծ դերը, որ նա ունեցել է հայկական նոր դպրոց ստեղծելու, ուսուցչական կադրեր պատրաստելու, կրթական համակարգը վերակառուցելու, նոր համակարգին արժանի քաղաքացիներ տալու գործում։

 «Մանկավարժության արդի հիմնախնդիրներ, լուծումներ» խորագրով ուսանող-դասախոս համատեղ գիտաժողովին մասնակցում էին Սկզբնական կրթության, Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի, Պատմության և հասարակագիտության և Բանասիրական ֆակուլտետի ուսանողները։

Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը գիտաժողովը կարևորեց ուսանողների անձնային աճի, մասնագիտական զարգացման, պարբերականության,  ուսուցման նոր ձևերին անդրադառնալու, համագործակցային մանկավարժության թրենդին հետևելու տեսանկյունից։ 

Նա շնորհակալություն հայտնեց Արշավիր Շավարշյանին՝ Մանկավարժականի հիմնադիր ֆակուլտետի դեկան լինելու,  իրենց գոյությունը իմաստավորելու համար։ Դեկանը  կարծում է, որ մեկդարյա բուհի 140-ամյա ռեկտորին անդրադառնալը վերարաժևորվում է մեր անցյալը, հաջողում է ներկան  և ապահովագրում ապագան։

Լիագումար նիստում «Հայ մանկավարժական մտքի երաշխավորը» թեմայով զեկույցում Մանկավարժության ամբիոնի պրոֆեսոր Լաուրա Ասատրյանը նկատեց՝ շարունակելով հայ մանկավարժության ավանդույթները, Արշավիր Շավարշյանը ոչ միայն կրթության գործի անխոնջ նվիրյալն էր, այլև խոշորագույն գիտնական-հետազոտող․ նա Մատենադարանի պահոցներից վերհանեց և եկող սերունդներին ներկայացրեց հայ խոշորագույն մանկավարժների՝ առայսօր արդիական հնչեղություն ունեցող տեսություններն ու հայեցակարգային մոտեցումները:

Պրոֆեսորը հավելեց՝ Արշավիր Շավարշյանը հայ մանկավարժական մտքի ակունքներում էր այն կարևորագույնի գիտակցմամբ, որ հայ մանկավարժական մտքի պատմությունը մանկավարժական ուսմունքների, գաղափարների սոսկ նկարագրությունը չէ։ Այն իր մեջ ներառում է անցյալի մեծ մտածողների մանկավարժական հայեցակարգերը, մեթոդաբանական և գիտամեթոդական մոտեցումները, կրթության փիլիսոփայությունը, դպրոցաշինական, գրքաստեղծ գործունեությունը, որոնք էական դեր են կատարել և այսօր էլ կարող են կատարել ժամանակակից կրթական համակարգի զարգացման ռազմավարության մշակման և գործնականում դրանց ներդրման գործում։

Ապագա պատմաբան Էդուարդ Օհանյանն ու դոցենտ Սուսաննա Ջանիկյանը Արշավիր Շավարշյանի մանկավարժական հայացքները ներկայացնելիս պրոֆեսորի գործունեությունը ուսումնամեթոդական գրականության ասպարեզում մանկավարժական սխրանք դիտարկեցին՝ նրան համարելով հայ մանկավարժության պատմության գիտական ուսումնասիրության հիմնադիրներից․«Շավարշյանն իսկական մանկավարժ էր թե՛ կոչումով, թե՛ գիտելիքներով, թե՛ իր մասնագիտության նկատմամբ տածած սիրով: Շավարշյանը արժևորում էր ընտանիքի դերն անհատի դաստիարակության գործում, կարծում, որ մանկավարժին անհրաժեշտ է ոգևորել»,-նշեցին բանախոսները։

Պրոֆեսոր Աիդա Թոփուզյանի ղեկավարմամբ՝ գիտաժողովում «Մանկավարժական կանխատեսումը որպես տարրական դպրոցի ուսուցչի կարևոր հմտություն» և «Ռեֆլեքսիան որպես տարրական դպրոցի ուսուցչի կոմպետենցիա» թեմաները, հետազոտության խնդիրները,  կատարած վերլուծությունները, ինչպես նաև այլընտրանքային որոշ առարկաներ պարտադիր դարձնելու առաջարկ ներկայացրին Սկզբնական կրթության ֆակուլտետի ուսանողներ Աննա Հարությունյանն ու Տաթև Խնկոյանը։

«Մանկավարժության արդի հիմնախնդիրներ, լուծումներ» խորագրով ուսանող-դասախոս համատեղ գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին «Հանրակրթության ոլորտի ժամանակակից հիմնահարցերը» և «Մանկավարժության արդի հիմնախնդիրները» մասնախմբերում։ Ներկայացված թեմաների շուրջ եղավ հարց ու պատասխան, ծավալվեց շահագրգիռ քննարկում։