««Մանկավարժության արդի հիմնախնդիրներ, լուծումներ» ուսանող-դասախոս համատեղ խորագրով մեր ավանդական գիտաժողովը բացառիկ է․ այն նվիրված է ՀՊՄՀ հիմնադրման 100-ամյակին: Մեկ դար մեր համալսարանը պատվով կատարել է իր առաքելությունը, պատրաստել ուսուցիչների տարբեր սերունդներ, մշտապես ծառայել հայ դպրոցին՝ աշխատելով հանուն մեր երկրի, ժողովրդի ապագայի, զարգացման և անվտանգության։ Վստահ կարող ենք նշել, որ համալսարանի պատմությունը միաձուլված է մեր երկրի պատմությանը»,- գիտաժողովի բացմանը նշեց Մանկավարժության ամբիոնի վարիչ Աիդա Թոփուզյանը։
Պրոֆեսոր Թոփուզյանը նկատում է՝ ներկայիս սերնդին բախտ է վիճակվել շարունակել նախնիների՝ մեր ժողովրդի կրթության և դաստիարակության գործում մեզ հասած հարուստ ժառանգությունը: Նա վստահ է՝ այդ առաքելությունը կիրականացնեն արժանապատվությամբ և գիտակցված բարձր պատասխանատվությամբ, իսկ գիտաժողովը շատերի համար կդառնա գիտական առաջին փորձառությունը՝ հետագայում դառնալով նաև գիտական մեծ ճանապարհի սկիզբ։
«Մանկավարժության արդի հիմնախնդիրներ, լուծումներ» խորագրով գիտաժողովն ամփոփում էր բուհի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի, Սկզբնական կրթության ֆակուլտետների բակալավրիատի ավարտական աշխատանքների և մագիստրոսների թեզերի հետազոտական աշխատանքի բովանդակությունն ու արդյունքները, որոնք ստեղծվել էին ղեկավար-դասախոսների հետ համատեղ։
ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, բարձր գնահատեց Մանկավարժության ամբիոնի կատարած հսկայածավալ աշխատանքը, ընդգծելով՝ 100-ամյա պատմություն ունեցող բուհի մանկավարժական համայնքը ձևավորված ավանդույթների հիման վրա բուհ-հասարակություն-դպրոց հարթակում այսօր էլ շարունակում է իր նվիրյալ աշխատանքը։
Պրոֆեսոր Գևորգյանը նկատում է՝ այն միտված է մեծագույն առաքելությանը՝ անձի, քաղաքացու ձևավորմանը, հայրենասիրական արժեբանությամբ տոգորված ազգային մանկավարժությունը գլոբալիզացիայի պայմաններում իր դիմագծով ներկայացմանը։
Մանկավարժություն, հոգեբանություն, դասավանդման մեթոդիկա․ Սրբուհի Գևորգյանը մեկ անգամ ևս հիշեցրեց բուհի հիմնական ուղղություններն ու կառույցի հիմնարար առաքելությունը։
Ո՞վ է այսօրվա հերոսը, ու՞մ ենք ուզում հերոս տեսնել հռետորական հարցերին ՀՊՄՀ ռեկտորը պատասխանում է՝ մասնակիցներն իրենք պիտի գտնեն պատասխանները՝ լինելով նոր սերնդի ձևավորողները, զարգացնողներն ու մանկավարժական առաքելությունն իրականացնողները։
Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանի դիտարկմամբ՝ օդը հագեցած է մանկավարժությամբ։ Վերջինս նկատում է՝ ուսանող-դասախոս համատեղ աշխատանքի շնորհիվ գիտաժողովում արծարծված են բազմազան հիմնախնդիրներ և մանկավարժական հարցերի լայն շրջանակ։
Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Ռուզաննա Պետրոսյանն էլ հույս հայտնեց, որ ձեռնարկը գիտական ճանապարհի նոր սկիզբ կհարթի ուսանողների համար՝ դառնալով այդ ոլորտում կարևոր փորձ։
«Մանկավարժության արդի հիմնախնդիրներ, լուծումներ» խորագրով գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին մասնախմբերում։
Ուսանողներն իրենց ելույթներում անդրադարձան կրտսեր դպրոցականների սոցիալականացման վրա կրթական չափորոշիչների ազդեցությանը, տարրական դպրոցում սովորողի գիտելիքների գնահատման առանձնահատկություններին, դաստիարակվածության դիագնոստիկային, դպրոցում ուսումնամեթոդական աշխատանքների կազմակերպմանն ու վերահսկողությանը։
Զեկուցումներն ընդգրկում էին նաև ապագա ուսուցիչների պատրաստման աքմեոլոգիական մոտեցումները, կրտսեր դպրոցականների կոգնիտիվ և մետակոգնիտիվ ընդունակությունների ձևավորման մանկավարժական պայմանները, մեդիակրթական գործընթացներում ուսանողների քննադատական մտածողության ձևավորման առանձնահատկությունները, ՀՀ-ում երեխաների խնամքի և պաշտպանության համակարգի բարեփոխումների ուժեղ և թույլ կողմերի վերլուծությունը, ՀՀ-ում շուրջօրյա խնամքի հաստատությունների վերակազմակերպումը՝ երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ուղղված սոցիալ–մանկավարժական գործունեության համատեքստում և այլն։
«Մանկավարժության արդի հիմնախնդիրներ, լուծումներ» խորագրով ուսանող-դասախոս համատեղ գիտաժողովում ծավալվեց շահագրգիռ քննարկում, եղավ հարց ու պատասխան։