ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մասնակցեց գիտապրակտիկ կոնֆերանսի
26.10.2023
Մասնակցեց գիտապրակտիկ կոնֆերանսի

ՀՊՄՀ Զարգացման և կրթության հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր, հոգեբանական գիտությունների դոկտոր Վլադիմիր Կարապետյանն առցանց ձևաչափով մասնակցեց «Գերցենյան ընթերցումներ․ հոգեբանական հետազոտությունները կրթության մեջ» խորագրով գիտապրակտիկ կոնֆերանսին։

Ա․ Ի․ Գերցենի անվան մանկավարժական համալսարանի նախաձեռնությամբ կազմակերպած երկօրյա կոնֆերանսն առցանց և առերես ձևաչափով համախմբել էր հոգեբանության և մանկավարժության շուրջ 500 մասնակցի։

ՀՊՄՀ պրոֆեսոր Վլադիմիր Կարապետյանը կոնֆերանսին մասնակցում էր որպես կազմկոմիտեի անդամ և հիմնական զեկուցող։

Նա իր խոսքում բուհի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի անունից շնորհավորեց ռուս գործընկերներին կոնֆերանսի կազմակերպման, կարևոր հարցերի վերհանման համար և շնորհակալություն հայտնեց Մանկավարժականի հետ արդյունավետ համագործակցության համար։ Պրոֆեսորն իր զեկույցում անդրադարձավ կրթության ճգնաժամի պայմաններում անձի նպատակադրմանը և կոգնիտիվ դիսոնանսի արտահայտվածությանը։

Թեև այդ ճգնաժամը սկիզբ է առել դեռևս 1700-ական թվականներից, սակայն ժամակակից աշխարհում այն առավել ակնհայտ է։ Նա խոսեց ճգնաժամային խնդիրների և դրանց պատճառների մասին, մասնավորապես, թե ուսանողն ինչ պատկերացումներ ունի իր կարիերայի կառուցման ճանապարհի վերաբերյալ, ինչպիսին են բուհի ընձեռած հնարավորությունները և թե ինչ երաշխիքներ կարող է ունենալ լավ սովորող ուսանողը՝ նաև լավ աշխատանք գտնելու տեսանկյունից։

Պրոֆեսորը գիտական հանրությանը ներկայացրեց նաև ներկայիս բազմազան ու արագ զարգացող կրթական շուկայի հակասական փոփոխությունները, ինչպես նաև թեմայի վերաբերյալ ավարտական կուրսերում սեփական հետազոտությունների արդյունքները։