ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մասնակցեց թանգարանագիտական միջազգային գիտաժողովի
13.10.2017
Մասնակցեց թանգարանագիտական միջազգային գիտաժողովի

Հոկտեմբերի 1-5-ը Ամստերդամի մի շարք հեղինակավոր թանգարաններում անցկացվեց Թանգարանների միջազգային խորհրդի /ԻԿՕՄ/ Մարքեթինգի և հանրության հետ կապերի միջազգային կոմիտեի գիտաժողով։ 

«Թանգարաններ և քաղաքը․մարքեթինգ և ավելին» խորագրով գիտաժողովի «թանգարանները և համայնքները», «թանգարանները և թվային փոխակերպումները», «թանգարանը և մեդիան», «թանգարանները և դրանց արդի առաքելությունը» թեմաներով։

Աշխարհի 30 երկրների մասնակիցների և ծրագրում ընդգրկված 35 զեկուցողների շարքում Հայաստանը ներկայացրեց Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի Թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու Դավիթ Պողոսյանը:

Վերջինս «Ընդլայնվող թանգարան. տարբեր հանրային տարածքներում աշխատելիս և տարբեր հանրային տարածքների վերածումը թանգարանների /հայկական թանգարանների փորձի հիման վրա/» զեկույցում անդրադարձավ ՀՀ տարբեր թանգարանների, ինչպես նաև թանգարանային գործունեության եղանակներ կիրառող մի շարք կազմակերպությունների, ձեռնարկությունների դրական փորձին։

Դավիթ Պողոսյանի կարծիքով՝ հնգօրյա միջազգային գիտաժողովը մասնագիտական զարգացման կարևոր հարթակ է, ինչպես նաև հնարավորություն ծանոթանալու աշխարհի տարբեր հետազոտողների մոտեցումներին, փորձին, թանգարանային գործի զարգացման արդի միտումներին։

«Գիտաժողովը նաև մասնագիտական նոր կապերի հաստատման և համագործակցության, թվային հարթակներում մտքերի փոխանակման լավ հնարավորություն էր: Այն կարևոր էր նաև նորարարական մոտեցումներով աշխարհում հայտնի նիդերլանդական և հատկապես Ամստերդամի մի շարք թանգարաններում լինելու և կիրառվող աշխատանքներին մոտիկից ծանոթանալու տեսանկյունից»,-նշեց Դավիթ Պողոսյանն ու վստահեցրեց, որ ձեռք բերած գիտելիքները կներդնի դասավանդման գործընթացում։