ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մասնակցեցին միջազգային աշնանային դպրոցին
28.11.2016
Մասնակցեցին միջազգային աշնանային դպրոցին

Նոյեմբերի 7-17-ը ՀՊՄՀ-ի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի մագիստրատուրայի 5 և բակալավրի 8 ուսանող Մոսկվայի պետական հոգեբանա-մանկավարժական համալսարանում մասնակցեց միջազգային աշնանային դպրոց «Պատմամշակութային հոգեբանություն և կրթության մեջ գործնական մոտեցում» ծրագրին:

Ծրագիրն անցկացվում էր Լ.Ս.Վիգոտսկու 120-ամյակի շրջանակներում, որին հրավիրված էին պրոֆեսորներ Ավստրալիայից, Բուլղարիայից, Անգլիայից և Իտալիայից:

Աշնանային դպրոցն անցկացվում էր դասախոսությունների, սեմինարների, դերային խաղերի, կլոր սեղանի, սիմպոզիումի ձևաչափով, ինչպես նաև գիտնականին նվիրված միջազգային կոնֆերանսով:

Այցի ընթացքում ռուս գործընկերներն աբովյանականներին ծանոթացրին համալսարանի կառուցվածքին, պատմությանը, իրականացվող գործառույթներին, հայտնի հոգեբանների կյանքին և գործունեությանը:

Այցելություն կազմակերպվեց նաև Մոսկվայի այլ հոգեբանական ինստիտուտներ և լաբորատորիաներ, բուհի՝ Ուղեղի մագնիտոէնցեֆալոգրաֆիական հետազոտությունների կենտրոն, որտեղ անցկավեցին տարբեր հանդիպումներ, դասախոսություններ, ծանոթություն հոգեբանության ոլորտի տարբեր գործիքներին:

10-օրյա այցի ընթացքում կազմակերպվեցին նաև ճանաչողական էքսկուրսիաներ՝ հայ հյուրերին ծանոթացնելով քաղաքի պատմությանը, պատմամշակույթային կոթողներին, ավանդական կենցաղավարությանը, քաղաքի դիմագիծը կազմող արտադրանքներին:

Ուսանողների խոսքով՝ այցը հնարավորություն տվեց ծանոթանալու հոգեբանության ռուսական դպրոցի պատմությանը, մեթոդաբանությանը, փորձին, ինչպես նաև համալրել ոլորտի վերաբերյալ գիտելիքներն ու հմտությունները, լսել այլազգի մասնագետների դասախոսությունները: