ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մասնակցեցին ազգային բաց համաժողովին
24.11.2017
Մասնակցեցին ազգային բաց համաժողովին

Օրերս Հայաստանի Ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ Էրազմուս+ Բուսթ /Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքեթինգի խթանում / ծրագրի կոորդինացիոն հանդիպումը, ինչպես նաև «Միջազգայնացումը ազգային մակարդակում» թեմայով ազգային բաց համաժողով:

Բուսթ ծրագրի համակարգողը Հայկական պետական մանկավարժական համալսարանն է. ծրագրի նպատակն է նպաստել և խրախուսել ՀՀ Բարձրագույն կրթության հետագա միջազգայնացմանը՝ մշակելով ազգային և ինստիտուցիոնալ քաղաքականության համապատասխան շրջանակ և գործիքակազմ:

Կոորդինացիոն հանդիպմանը մասնակցում էին ծրագրի ՀՀ գործընկերները՝ Մանկավարժական, Հայաստանի Ամերիկյան, Շիրակի, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարաններից, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից, ՀՀ ԿԳ նախարարությունից, Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնից, ինչպես նաև ԵՄ գործընկեր համալսարանների ներկայացուցիչները՝ Իսպանիայից, Էստոնիայից, Շվեդիայից և Պորտուգալիայից:

Հանդիպման ընթացքում ՀՊՄՀ-ի Միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Քրիստինա Ծատուրյանը ներկայացրեց ծրագրի ձեռքբերումները, հետագա ընթացքը, միջազգայնացման ազգային ռազմավարության նախագիծը:

Անդրադարձ կատարվեց նաև միջազգայնացման ազգային հարթակի ստեղծմանն ու գործող օրենսդրական կարգավորող շրջանակին:

«Միջազգայնացումը ազգային մակարդակում» թեմայով համաժողովին բացման խոսքով հանդես եկան ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Վահրամ Մկրտչյանը, Հայաստանի Ամերիկյան համալսարանի փոխնախագահ Ռանդոլ Ռոդեսը, ՀՊՄՀ-ի աշխատակազմի և միջազգայնացման գծով պրոռեկտոր Արա Երեմյանը, ինչպես նաև Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան:

Իսպանիայի, Պորտուգալիայի, Էստոնիայի և Շվեդիայի գործընկեր համալսարանների ներկայացուցիչներն անդրադարձան իրենց երկրներում միջազգայնացման ռազմավարությանը:

Համաժողովի երկրորդ հատվածում մասնակիցները բաժանվեցին խմբերի և ֆասիլիտատորների օգնությամբ համաշխարհային կաֆե մեթոդով /World Cafe Method/ քննարկեցին միջազգայնացման ռազմավարությանը վերաբերող հարցեր, ներառյալ՝ բուհում միջազգային միջավայրի, /համատեղ մագիստրոսական ծրագրեր, օտար լեզվի իմացություն/, միջազգային հետազոտական կազմակերպությունների հետ համագործակցային կապերի ստեղծում, ներգնա և արտագնա շարժունության խթանում, լավագույն համալսարանների վարկանիշային աղյուսակում ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ներգրավում:

Քննարկումների ավարտին ֆասիլիտատորները համառոտ ներկայացրին քննարկված թեմաների շուրջ մասնակիցների կարծիքները:

Աշխատանքային խմբերի հետ քննարկումների արդյունքները կնպաստեն բարձրագույն կրթության միջազգայնացման ազգային ռազմավարության խնդիրների ձևակերպմանը:

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության Էրազմուս+ ծրագրի կողմից: