ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մասնակցեցին ձմեռային դպրոցին
17.02.2020
Մասնակցեցին ձմեռային դպրոցին

Փետրվարի 4-11-ը Մանկավարժական համալսարանի 5 ուսանող մասնակցեց Ֆինլանդիայի Օուլուի համալսարանում կազմակերպված ձմեռային դպրոցին:

Մեկշաբաթյա այցի ընթացքում ուսանողներն ունեցան հետաքրքիր և բովանդակալից առօրյա: Հագեցած ծրագրի շրջանակներում ապագա մանկավարժները ուսումնասիրեցին ֆիննական կրթական համակարգը: Աբովյանականները մասնակցեցին Օուլուի համալսարանում կազմակերպվող դասընթացներին, տեղի ուսանողների հետ կատարեցին խմբային աշխատանքներ, ունեցան հանդիպումներ, զրույց-քննարկումներ:

Կազմակերպվեցին այցեր նաև մանկապարտեզ և դպրոց, որտեղ նրանք լսեցին մասնագետներին ու կատարեցին դասադիտումներ:

Այս ամենից բացի, ձմեռային դպրոցի մասնակիցները բացահայտեցին Օուլու քաղաքի տեսարժան վայրերը, եղան քաղաքային գրադարանում, այցելեցին Ֆինլանդիայի խորհրդանիշ համարվող մի շարք վայրեր, ուսումնասիրեցին մշակույթը, շփվեցին տեղաբնակների և հյուրընկալ ընտանիքների հետ: Վերջիններիս հայկական մշակույթին ծանոթացնելու նպատակով՝ հայ ուսանողները պատրաստեցին ազգային ուտեստներ՝ մեկնաբանելով յուրաքանչյուրի դերն ու իմաստը հայկական խոհանոցում:

«Օուլուի համալսարան այցը բացառիկ հնարավորություն էր ծանոթանալու կրթական այն համակարգին, որի մոդելը փորձում են ընդօրինակել շատ երկրներում: Առավել շատ տպավորված եմ տեղի դպրոց մեր այցից, ուր և կրթական ծրագրերը, և պայմանները հարմարեցված են աշակերտի կարիքներին. այդպես էր նաև մանկապարտեզում և համալսարանում»,-նշեց մագիստրոս Զվարթ Ամբրոյանը:

Նրա կարծիքով` սա լավագույն մոտիվացիան է ուսումնառության ընթացքում: www.aspu.am-ի հետ զրույցում Զվարթ Ամբրոյանն նշեց այն առանձնահատկությունները, որոնք բնորոշ են այդ կրթական համակարգին` թեստային աշխատանքների, տարբեր քննությունների բացակայություն և այլն. «Նրանց մոտ շատ են գործնական աշխատանքները, որոնք նպաստում են ոչ միայն գաղափարներով կիսվելուն, այլև համագործակցային կարողությունների ձևավորմանը: Այս ամենը տեսնելը, բնականաբար, չէր կարող նոր գաղափարների հիմք չհանդիսանալ մեզ համար»,-հավելեց ուսանողուհին և վստահեցրեց` դրանք անպայման կիրառելու է մասնագիտական դաշտում:

Ձմեռային դպրոցի մասնակիցները վերադարձել են ոչ միայն վառ տպավորություններով ու անմոռանալի հիշողություններով, այլև նոր գաղափարներով, որոնցով փորձելու են նպաստել համալսարանի կրթական համակարգի բարելավմանը: