ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մասնակցեցին «Գարնանային դպրոց» միջազգային ծրագրին
28.04.2025
Մասնակցեցին «Գարնանային դպրոց» միջազգային ծրագրին

ՀՊՄՀ-ի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի 6 ուսանող ապրիլի 20-26-ը մասնակցեց Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական համալսարանի կազմակերպած «Գարնանային դպրոց» 8-րդ միջազգային ծրագրին։

Մեկշաբաթյա այցը հագեցած էր դասընթացներով, դասախոսություններով, գործնական պարապմունքներով, ինչպես նաև բուհի գիտակրթական կենտրոնների գործունեությանը ծանոթացմամբ։

Այցի առաջի օրը սկսվեց Կրթության հոգեբանության ֆակուլտետի ներկայացուցիչների հետ հանդիպումից։ Մանկավարժականի ուսանողներին ողջունեցին ֆակուլտետի դեկան Մարիա Սաֆրոնովան և պրոֆեսոր Լ.Ֆ.Օբուխովայի անվան Տարիքային հոգեբանության ամբիոնի վարիչ Յուլիա Կոչետովան։ ՀՊՄՀ ուսանողները եղան նաև Նյարդաճանաչողական հետազոտությունների գիտակրթական կենտրոնում (MEG Center MGPPU), ծանոթացան ՌԴ-ի նեյրոֆիզիոլոգիական և հոգեֆիզիոլոգիական հետազոտությունների անցկացման միակ MEG (մագնետոէնցեֆալոգրաֆիա) ձայնագրման համակարգին:

Այցելություն եղավ նաև բուհի Ցուցադրական քննական, Ապացուցողական սոցիալական նախագծման, Համալսարանական բազմապրոֆիլային հոգեբանական կենտրոններ, ինչպես նաև իր տեսակի մեջ բացառիկ «Ռուբլևո» ուսանողական կենտրոն:

Կրթական ծրագրի շրջանակներում ՀՊՄՀ-ի ուսանողները մասնակցեցին «Զարգացման և տարիքային հոգեբանության ժամանակակից միտումները» ինտերակտիվ դասախոսություն-քննարկմանը, «Հոգեբանական և մանկավարժական աջակցություն նախադպրոցական և տարրական հանրակրթական ծրագրերին» գործնական դասընթացին, «Ընդհանուր (գենետիկ) հոգեբանության հիմունքներ» մագիստրոսական ծրագրի դասախոսությանը, մասնակցեցին ուսանողական վիկտորինայի:

Աբովյանականների համար կարևոր իրադարձություն էր նաև թիվ 91 փորձարարական դպրոցի բաց դասերին մասնակցելը․ այստեղ ուսուցումն իրականացվում է Դանիիլ Էլկոնինի և Վասիլի Դավիդովի տեսության հիման վրա։

Ծրագրի ավարտին ուսանողներին շնորհվեց մասնակցության հավաստագրեր:

Կրթական երկու հաստատություններում վստահ են՝ երկկողմ համագործակցությունը հնարավորություն կտա համալսարաններին շարունակել լավագույն փորձի փոխանակումը:

Մանկավարժական համալսարանի ուսանողները aspu.am-ի հետ զրույցում նշեցին՝ այն թույլ տվեց փոխանակվել կարծիքներով, ընդլայնել հոգեբանության և մանկավարժության ոլորտում իրենց մասնագիտական գիտելիքներն ու հորիզոնները։

Նշենք, որ այցն ուսումնականից բացի, հագեցած էր նաև մշակութային ծրագրով. ուսանողները այցելեցին մայրաքաղաքի խորհրդանշական, պատմական և տեսարժան վայրեր, եղան Էքսպոկենտրոնում գտնվող «Ռոսիա» ազգային կենտրոնում: