ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մասնակցեցին KPI4HE նախագծի մեկնարկային աշխատաժողովին
01.02.2024
Մասնակցեցին KPI4HE նախագծի մեկնարկային աշխատաժողովին

Կայացավ «Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի համար գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի ստեղծում» (KPI4HE) Էրազմուս + ծրագրի մեկնարկային աշխատաժողովը։

Եռամյա ծրագրի համակարգողը Երևանի պետական համալսարանն է․ գործընկերները՝ ԿԳՄՍՆ-ն, ՈԱԱԿ-ը, հայաստանյան 5 բուհ, այդ թվում՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, «Կրթական քաղաքականության և կառավարման հայկական կենտրոն» ՀԿ-ն: Եվրոպական գործընկերներն են Օլդենբուրգի, Դրեզդենի տեխնիկական և Ջենովայի համալսարանները:

KPI4HE ծրագրի նպատակն է բարելավել բարձրագույն կրթության համակարգի կառավարումը, համալսարանների ռազմավարական պլանավորումը։ Դրանք կնպաստեն որակյալ ու ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության զարգացմանը Հայաստանում՝ բարձրագույն կրթության գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) մշակման և ներդրման, ինստիտուցիոնալ հետազոտությունների կառուցակարգերի զարգացման և պլանավորման ծառայությունների գործարկման, ինչպես նաև հաստատությունների հավատարմագրման պետական չափանիշների վերանայման միջոցներով (համաձայն ԳԱՑԱՇ-ի):

Մասնակիցներին ողջունեցին, նախագիծը, կրթական համակարգում ներդրվող փոփոխությունները կարևորեցին և արդյունավետ աշխատանք մաղթեցին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան:

Աշխատաժողովին մասնակցում էին նաև ՀՊՄՀ-ի Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչության պետ Սամվել Ասատրյանը, Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Տիգրան Միքայելյանը, Էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի վարիչի պաշտոնակատար Սիրինե Շողերյանը, ինչպես նաև Միջազգային համագործակցության և ծրագրերի կառավարման կենտրոնի աշխատակիցներ Ռաիսա Ավետյանն ու Գոհար Առաքելյանը։

Համաժողովի ընթացքում ներկայացվեցին նախագծի նպատակները, արդյունքները, գործողությունների պլանը, առաջին տարվա գործունեությունը, աշխատանքային փաթեթները, ինչպես նաև ֆինանսական կառավարման կանոնները։

Խմբային աշխատանքներ իրականացվեցին համալսարանի կառավարում, ինստիտուցիոնալ հետազոտության հիման վրա կարողությունների զարգացում, կանաչ ռազմավարական պլանավորում, ուսումնական գործընթացի կազմակերպում, բարձրագույն կրթության միջազգայնացման ռազմավարություն, որակի ապահովում ուղղություններով։

Հանդիպման ավարտին յուրաքանչյուր խումբ ներկայացրեց իր մշակած պլանը՝ առաջարկությունների և հարցերի միջոցով ամփոփելով այն։