ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մասնակցեցին KPI4HE ծրագրի  աշխատաժողովին
19.03.2025
Մասնակցեցին KPI4HE ծրագրի  աշխատաժողովին

ՀՊՄՀ Էրազմուս+ KPI4HE ծրագրի աշխատանքային խումբը՝ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանի գլխավորությամբ, Երևանի պետական համալսարանում մասնակցեց ծրագրի շրջանակներում անցկացվող աշխատաժողովի։

Քննարկվեցին Հայաստանի բարձրագույն կրթության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) հայեցակարգի նախագիծը, ինչպես նաև դրա մշակման մեթոդաբանությունն ու կառուցվածքը։ Հայեցակարգի նպատակը բարձրագույն կրթության արդյունավետ կառավարման, հաշվետվողականության և միջազգային պահանջներին համապատասխանության ապահովումն է՝ ներառելով «կանաչ» կրթության և թվային տեխնոլոգիաների հնարավորությունները։

Փաստաթղթով նախատեսվում է մշակել և հաստատել ԳԱՑԱՇ-ը, սահմանել ինստիտուցիոնալ և ծրագրային մակարդակի ցուցանիշներ, ներդնել տվյալների հավաքագրման և վերլուծության միասնական մեթոդաբանություն, ինչպես նաև իրականացնել պարբերական գնահատում և մշտադիտարկում։

Հայեցակարգի մշակմամբ զբաղվող աշխատանքային խմբի կարծիքով՝  ԳԱՑԱՇ-ի ներդրումը կնպաստի տվյալահեն քաղաքականության մշակմանը, բարձրագույն կրթության համակարգի զարգացմանը, թափանցիկության ու չափելիության բարձրացմանը, ինչպես նաև պետության կողմից բուհերի ֆինանսավորման նոր մոտեցումների ձևավորմանը։

Մասնակիցները քննարկման ընթացքում մատնանշեցին մի շարք խնդիրներ և ակնկալիքներ՝ ընդգծելով՝ անհրաժեշտ է ունենալ ոչ միայն հայեցակարգ և ցուցանիշներ, այլև գործնական ուղեցույցներ ու ձեռնարկներ։

Նշենք, որ հայեցակարգի մշակման գործընթացում ներգրավված են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական, Երևանի պետական,  Եվրասիա միջազգային, Հյուսիսային,  Գավառի պետական  համալսարանները, ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնն ու «Կրթության քաղաքականության և կառավարման հայկական կենտրոն» ՀԿ-ն։

Ծրագրին փորձագիտական աջակցություն են տրամադրում Օլդենբուրգի, Դրեզդենի տեխնիկական (Գերմանիա) և Ջենովայի (Իտալիա) համալսարանները։