ՀՊՄՀ-ի Օտար լեզուների և ԱՄՆ-ի Հյուսթոնի համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետների միջև անցկացվեցին դասընթացներ։ Եռաշաբաթյա միջազգային առցանց ուսուցմանը, որ մեկնարկել էր փետրվարին, մասնակցեց Օտար լեզուների ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտությամբ սովորող 38 ուսանող։
Նախագծի հիմնական նպատակն էր քննարկումների, գաղափարների փոխանակման և միջմշակութային հաղորդակցման գործընթացների միջոցով նպաստել միջազգային ուսուցման զարգացմանը։ Ծրագիրը միտված էր ստեղծելու միջմշակութային երկխոսության հարթակ, որտեղ երկու երկրների ուսանողները կկարողանային փոխանակվել ազգային մշակութային առանձնահատկություններով, բարելավել իրենց հաղորդակցական հմտություններն ու կառուցել միջազգային մասնագիտական կապեր:
Դասընթացի շրջանակներում անդրադարձ եղավ կրթական հաստատություններում սննդի ապահովմանը, ճաշարանային ծրագրերի կազմակերպմանը, համայնքային այգիների նշանակությանը, ազգային խոհանոցների առանձնահատկություններին։ Քննարկվող թեմաների շարքում էին նաև ազգային ինքնության դրսևորումները, համաշխարհայնացման ազդեցությունը, ամերիկյան և հայկական մշակութային ու կրթական համակարգերի համեմատական ուսումնասիրությունը և այլն։
Ինչպես նշեց ծրագրի համակարգող Ռոմանագերմանական լեզուների և դրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ Սուսաննա Բաղդասարյանը՝ դասընթացն արձանագրեց նշանակալի հաջողություն․ այդ մասին են վկայում մասնակիցների դրական արձագանքները:
Իրենք՝ մասնակիցները, խոստովանում են՝ միջազգային ծրագրին մասնակցելու սկզբնական անհամարձակությունն աստիճանաբար տեղի տվեց ակտիվ մասնակցությանը․ յուրաքանչյուր հանդիպումից հետո էլ ավելի էին գնահատում տարբեր մշակույթների ներկայացուցիչների հետ մասնագիտական փոխանակման բացառիկ փորձառությունը։
3-րդ կուրսի ուսանող Սոնա Բաղդասարյանը խոստովանում է՝ սկզբում անվստահություն ուներ ծրագրի նկատմամբ, որոշել էր չմասնակցել, սակայն ամերիկացի ուսանողների հետ շփումը մոտիվացրեց և ոգևորեց ավելին սովորելու։
Օտար լեզուների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Մարիա Ավագյանն էլ նկատում է՝ առաջին հանդիպմանը լարված էր, մտահոգված լեզվական կարողություններով, սակայն արդեն երկրորդ դասին զգաց, որ միջմշակութային սահմանները վերանում են և փոխարենը ձևավորվում է փոխադարձ հարգանքի ու սովորելու ձգտումով միջավայր։
Ծրագրի արդյունքներից գոհ են նաև կազմակերպիչներն ու Հյուսթոնի համալսարանի ուսանողները․ամերիկյան կողմը նախատեսում է դիմել դրամաշնորհային ծրագրի՝ նախագիծը 2025-2026 ուսումնական տարում շարունակելու նպատակով:
Ավարտին ուսանողները ստացան մասնակցության հավաստագրեր և համապատասխան միավորներ։