ՀՊՄՀ 12 ուսանող դեկտեմբերի 25-26-ը մասնակցեց «Кавказ-Каспий-Ближний Восток 2024» միջազգային երիտասարդական ֆորումին։
Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանում անցկացվող ֆորումը համախմբել էր ավելի քան 100 մասնակից 15 երկրից, այդ թվում՝ Հայաստան, Ուզբեկստան, Թուրքիա, Թունիս, Ալժիր, Եգիպտոս, Ադրբեջան, ինչպես նաև Ռուսաստանի հարավի խոշորագույն բուհերի օտարերկրյա ուսանողների։
«Թող բարեկամության կամուրջները, որոնք ուսանողների և երկրների միջև ստեղծվում են համաժողովի շրջանակներում, վերածվեն մեծ մայրուղիների։ Գլխավորը՝ չմոռանալ երազել»,-ողջույնի իր խոսքում նշել էր ՌԴ գիտության և բարձրագույն կրթության փոխնախարար Օլգա Պետրովան։
Երկօրյա երիտասարդական ձեռնարկի շրջանակներում անցկացվել են բաց քննարկումներ, վարպետության դասեր, թրեյնինգներ, ինտելեկտուալ խաղեր, վիկտորինաներ, շնորհանդեսներ։
Ֆորումի մասնակիցները ծանոթացել են սոցիալական աշխատանքի տարբեր ձևաչափերի, կատարելագործել առաջնորդության կարողությունները՝ ի նպաստ սոցիալական օգտակար գործունեություն ծավալելու։ Նշենք, որ ֆորումի մասնակիցները սոցիալական ծրագրեր և միջոցառումներ իրականացնող երիտասարդներ էին։
ՀՊՄՀ ուսանողները կարևորեցին երիտասարդական ֆորումին իրենց մասնակցությունը, գիտակրթական ոլորտում փորձի փոխանակումը։ Նշեցին՝ այցի շրջանակներում օտարերկրյա ուսանողներին ծանոթացրել են նաև հայկական մշակույթին, սովորեցրել ամենատարածված հայկական պարը՝ «Քոչարին», ինչն իսկապես տպավորել է օտարազգի երիտասարդներին։