Հունիսի 27-29-ը Բեյրութում կայացավ Հայկական պետական մանկավարժական և Հայկազյան համալսարանների համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված «Հայության տեղաշարժերը և հասարակական-քաղաքական փոխակերպումները 1900-2020 թվականներին» խորագրով միջազգային երկրորդ գիտաժողովը:
Ձեռնարկին նախորդել էր ուղիղ մեկ տարի առաջ Երևանում երկու բուհերի համագործակցության շրջանակներում անցկացված համանուն խորագրով միջազգային առաջին գիտաժողովը, որն իր գիտական բարձր մակարդակով գրավել էր մասնագիտական հանրույթի ուշադրությունը:
Հայության տեղաշարժերով պայմանավորված՝ հասարակական-քաղաքական փոխակերպումները տարեցտարի ներգրավվում են գիտական լայն շրջանակներ: Սփյուռքի միակ բարձրագույն ուսումնական հաստատության՝ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի Հայակազյան համալսարանն իր հյուրընկալ պատերի ներքո էր համախմբել Հայաստանի, Սփյուռքի, Արցախի գիտակրթական հաստատությունների ավելի քան երկու տասնյակ գիտնականների, այդ թվում՝ պատմաբանների, քաղաքագետների, թուրքագետների, բանասերների, մանկավարժների: Աշխարհից մեկուսացված և այսօր շրջափակման մեջ գտնվող Արցախի ներկայացուցիչը գիտաժողովին մասնակցեց առցանց ձևաչափով։
Մանկավարժական համալսարանից գիտաժողովին ներկա էին Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդգար Հովհաննիսյանը, Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը և ՀՊՄՀ ռեկտորի խորհրդական, Մանկավարժության ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու Հակոբ Թադևոսյանը։
ՀՊՄՀ ներկայացուցիչներն իրենց զեկույցներում անդրադարձան Կիլիկիո կաթողիկոսությանը՝ 1920-1930-ական թվականներին.տարագրություն և փոխակերպում, 20-րդ դարի տեղաշարժերով պայմանավորված հայության փոխակերպման գործընթացի փուլերին, ինչպես նաև հայրենասիրության ընկալման և դրսևորման սոցիալ֊հոգեբանական փոխակերպումներին:
Երկօրյա գիտաժողովին ծավալվեց մասնագիտական շահագրգիռ քննարկում, եղավ հարց ու պատասխան:
«ՀՊՄՀ-ի և Հայկազյան համալսարանի միջև համագործակցությունն ամրապնդվում է.երկու կառույցների համատեղ գիտաժողովների կազմակերպումը համագործակցության հուշագրի համապատասխան կետերի արդյունավետ իրագործման դրսևորում են։ Պայմանավորվածության համաձայն՝ նախատեսվում է նաև համանուն երրորդ գիտաժողովի անցկացումն ու ներկայացված նյութերի տպագրումը»,-aspu.am-ի հետ զրույցում նշեց դեկան Էդգար Հովհաննիսյանը:
Հայաստանից ժամանած գիտաժողովի մասնակիցները ճանաչողական այցեր կատարեցին Լիբանանում գործող հայկական մի շարք հոգևոր-կրոնական և կրթական հաստատություններ։