Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան և ՀՊՄՀ Օտար լեզուների ֆակուլտետի դեկան, դոցենտ, Էրազմուս+ Բարձրագույն կրթության բարեփոխուﬓերի փորձագետ Տիգրան Միքայելյանն Ուզբեկստանի Սամարկանդ քաղաքում էին։
Նրանք մասակցեցին «Համալսարանների երրորդ առաքելությունը․գործընկերություն հանուն սոցիալական և տնտեսական զարգացման» խորագրով միջազգային սեմինարին։ Այն կազմակերպել էր «Աջակցություն բարձրագույն կրթության բարեփոխուﬓերի փորձագետներին» կազմակերպությունն ու Ուզբեկստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը։
Սեմինարի նպատակն էր ուսումնասիրել, թե ինչպես են համալսարանները նպաստում հասարակության կարիքների լուծմանը, ինչպիսի ներդրում ունեն նրանք տեղական էկոհամակարգերում և գնահատել՝ որքանով են այդ ներդրումները հարմարեցված կոնկրետ համատեքստերին:
Այն նաև հնարավորություն էր աշխարհի 25 երկրներից ժամանած գործընկերների հետ արդեն իսկ ունեցած կապերը վերահաստատելու և նոր կապեր ստեղծելու համար։
Նշենք, որ համալսարանների երրորդ առաքելությունը հասարակության մեջ նրանց ներդրումն է՝ խթանելով բիզնեսը, հետազոտությունը, շարունակական կրթությունը ու նորարարական նախագծերը, ինչպիսիք են խելացի քաղաքները և կայուն տեխնոլոգիաները:
Սեմինարի ընթացքում փորձագետները մասնակիցներին ներկայացրին համալսարանների այսպես կոչված «երրորդ առաքելությունը» առավելագույնի հասցնելու ռազմավարություններն ու գործիքները, այդ թվում՝ դասավանդման և ուսուցման նորարարությունը, թվայնացումը, իրազեկումը, շարունակական կրթության ապահովումը։ Մասնակիցներն ուսումնասիրեցին նաև թեմայի վերաբերյալ տարբեր դեպքեր, հաջողության պատմություններ, որոնք օրինակելի կարող են լինել մասնակից բուհերի՝ մասամբ կամ ամբողջությամբ ներդրվելու համար։