ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մասնակցեցին պարտադիր վերապատրաստմանը․․․
21.01.2025
Մասնակցեցին պարտադիր վերապատրաստմանը․․․

Այսօր «Նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների պարտադիր վերապատրաստման» դասընթացի 53 մասնակից ստացավ հավաստագիր։

90 ակադեմիական ժամ տևողությամբ դասընթացն անցկացվել է դեկտեմբերի 5-21-ը․գործընթացը ներառել է նախադպրոցական կրթության բնագավառի օրենսդրություն, ՏՀՏ-ի կիրառում կրթական գործընթացում, տարիքային հոգեբանություն, համընդհանուր ներառում, նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման և կրթական արդյունքների գնահատում, դաստիարակության մեթոդիկաներ, հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքներ։

Մասակիցներին ողջունեց և գործընթացի առթիվ շնորհավորեց ՀՊՄՀ Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը։ Նա շնորհակալություն հայտնեց ոլորտի ներկայացուցիչներին՝ կրթության առաջնային և հիմնական օղակի բարդ ու պատասխանատու աշխատանքն իրականացնելու համար։

Պրոռեկտորը կարծում է, որ հանրակրթության ոլորտի բարեփոխումներն ու բարելավումները պետք է իրագործվեն նաև նախադպրոցական կրթության համակարգում։ Նրա դիտարկմամբ՝ վերապատրաստումներն անհրաժեշտություն են․ համոզված է՝ գործընթացը զինել է նոր գիտելիքներով և ժամանակակից մեթոդներով, ինչն արդյունավետորեն կկիրառվի դժվարին աշխատանքում։

Նաիրա Սաֆարյանը կարևորեց հետադարձ կապն ու հույս հայտնեց, որ մասնակիցները կառուցողական առաջարկներ կանեն՝ նպաստելով գործընթացի հետագա զարգացմանը։

Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի վարիչի պաշտոնակատար Արմենուհի Մանուկյանը հիշում է, երբ նոր էին սկսել գործընթացը, դրան մասնակցում էր 6 հոգանոց խումբ։ Այդ ժամանակ էլ ամենայն պատասխանատվությամբ և պատրաստակամությամբ աշխատեցին․ այսօր արդեն նվիրումի, վերապատրաստող փորձառու թիմի շնորհիվ, կարող են խոսել կարևոր շարժընթացի և պատասխանատու գործընթացը հաջողությամբ, որակով ավարտին հասցնելու մասին։

Արմենուհի Մանուկյանը կարծում է, որ վերապատրաստումները հնարավորություն տվեցին հարստացնել մասնակիցների գիտելիքները, կարողություններն ու հմտությունները։ Լիահույս է՝ ոլորտն ապագայում կլինի ավելի որակյալ․ ինչպես դպրոցում, նախադպրոցական ուսումնական հաստատություններում ևս, աշխատում են նվիրյալներ։

Հաջող ընթացքի  և ձեռքբերումների համար դաստիարակներին, մեթոդիստներին շնորհավորեց նաև Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի պրոֆեսոր Սվետլանա  Մարությանը՝ մաղթելով, որ այն հերթական ու  շարունականը  լինի նրանց կյանքում՝ կարևոր դերակատարում ունենալով  մասնագիտական առաջընթացում։

Մասնակիցներն իրենց գոհունակությունը հայտնեցին վերապատրաստումների վերաբերյալ, որոշ դիտարկումներ ներկայացրին՝ վստահեցնելով՝ գիտելիք-մեթոդ համակցության շնորհիվ լրացրին մասնագիտական կարողությունների բացերն ու նոր գիտելիքներով զինված պատրաստ են նորովի իրագործել մասնագիտական պարտականությունները։