ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մասնակցեցին «Սուրբ Էջմիածին՝ գրքի հանգրվան» գիտաժողովին
07.10.2022
Մասնակցեցին «Սուրբ Էջմիածին՝ գրքի հանգրվան» գիտաժողովին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի 10-ամյակի առթիվ տեղի ունեցավ «Սուրբ Էջմիածին՝ գրքի հանգրվան» խորագրով գիտաժողովը։

Գիտաժողովին, ի թիվս հայաստանյան մի շարք բուհերի, մասնակցում էին նաև Մանկավարժական համալսարանի դասախոսներն ու ուսանողները։

Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը համաժողովի մասնակիցներին փոխանցեց Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամն ու օրհնությունը։

Մատենադարանի տասնամյակի առթիվ բուհի ղեկավարության և ուսանողների շնորհավորանքը փոխանցեց ՀՊՄՀ-ի Գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Կամո Վարդանյանը։

Երկու հաստատությունների հոբելյանը նշանավորվեց երկուստեք կարևոր և խորհրդանշական ձեռնարկով. բուհը Մատենադարանին նվիրաբերեց 86 անուն գիրք, ընդհանուր՝ 100 օրինակ տպաքանակով:

«1922 թվականին Հայաստանի խորհրդայնացումից հետո Մայր Աթոռի տպագիր և ձեռագիր ժառանգությունը տեղափոխվեց և հանգրվանեց տարբեր գիտակրթական հաստատությունների գրադարաններում, գերակշիռ մասը՝ Մանկավարժական համալսարանի գրադարանում: Այդ հավաքածուում առկա են հարյուրամյակների պատմություն ունեցող գրքեր, դասագրքեր, ամսագրեր, ուղեցույցեր, որոնք ունեն մասնագիտական բարձր արժեք»,-նշեց Կամո Վարդանյանն ու ևս մեկ անգամ բարձր գնահատեց Մատենադարանի դերն ու առաքելությունը՝ սերունդներին գիտելիքների փոխանցման գործում։

Գիտաժողովն ընթացավ զուգահեռ մասնաճյուղերում։ Մանկավարժականի ներկայացուցիչները հանդես եկան զեկուցումներով, ինչպես նաև ակտիվ մասնակցություն ունեցան քննարկումներին։