ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մասնակցեցին ուսանողական գիտաժողովի
17.10.2017
Մասնակցեցին ուսանողական գիտաժողովի

Հոկտեմբերի 13-ի`Աղետների ռիսկերի նվազեցման միջազգային օրվա շրջանակներում անցկացվեց ‹‹Աղետների հոգեբանություն›› խորագրով միջբուհական ուսանողական գիտաժողով:

Գիտաժողովին զեկույցներով հանդես եկան նաև ՀՊՄՀ կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի մանկավարժություն և հոգեբանություն բաժնի 4-րդ կուրսի ուսանողները:

Դասախոս, փրկարար ծառայության գնդապետ Պերճ Կարապետյանի ղեկավարությամբ նրանք իրենց ելույթներում անդրադարձան արտակարգ իրավիճակների հոգեբանությանն ու փրկարարի հոգեբանական մոդելին, ահաբեկչությանը որպես համաշխարհային չարիք, տեխնածին վտանգներին և հոգեբանական աջակցությանը և այլն:

Գիտաժողովի 1-ին՝ զեկույցների հատվածում տարբեր համալսարանների ուսանողներ ևս անդրադարձան արդիական և խնդրահարույց մի շարք թեմաների, իսկ 2-րդ հատվածում գիտաժողովի մասնակիցներն այցելեցին Լուսակերտի վարժահրապարակ և ականատես եղան իրականացվող ուսումնավարժանքին:

Նրանց կարծիքով՝ նման գիտաժողովների կազմակերպումն ու ուսանողներին դրանցում ընդգրկելը հնարավորություն է տալիս ոլորտի խնդիրներին ծանոթանալ առավել գիտական մակարդակում, ներկայացնել սեփական դիտարկումները, ինչպես նաև կապեր հաստատել այլ բուհերի ուսանողների հետ: Ապագա հոգեբաններն ու մանկավարժները վստահեցրին, որ արտակարգ իրավիճակների ոլորտում աշխատողները կարևորում են ոչ միայն մասնագիտական հմտություններին, այլև նման իրավիճակներում հոգեբանական առանձնահատկություններին  տիրապետելը: