ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մասնակցեցինք «Դասավանդում հանուն հաջողության» համաժողովին
04.03.2024
Մասնակցեցինք «Դասավանդում հանուն հաջողության» համաժողովին

Մարտի 2-3-ը Երևանում անցկացվեց «Դասավանդում հանուն հաջողության» խորագրով համաժողով։ Անգլերեն դասավանդող ուսուցիչների համար նախատեսված երկօրյա համաժողովը կազմակերպել էր Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը։

Համաժողովին իր մասնակցությունն ունեցավ նաև Մանկավարժական համալսարանը։ Բուհից համաժողովի աշխատանքներին մասնակցեցին Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Տիգրան Միքայելյանը, Ռոմանագերմանական լեզուների ամբիոնի վարիչ Գոհար Մելիքյանը, դասախոսներ և «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերի ուսանողները։

Համաժողովի ընթացքում վերջիններս մասնակցեցին փորձագիտական, մանկավարժամեթոդական փորձի փոխանակման, Բրիտանական խորհրդի մշակած՝ ուսուցիչների առցանց համայնքի (OTC) ծրագրերի անմիջական կիրառման, փորձարկման և դրանց նյութերի տարածման ուղղություններով աշխատանքներին։

Ի դեպ, Մանկավարժական համալսարանն ու Բրիտանական խորհուրդը համագործակցում են շուրջ տասը տարի՝ անգլերենի դասավանդման, անգլերենի և անգլիական մշակույթի տարածմանն ուղղված ծրագրերի, ինչպես նաև ներառականության խթանմանն ուղղված տարբեր ուղղություններով։

Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Տիգրան Միքայելյանը կարծում է, որ համաժողովը ևս մեկ լավ առիթ էր ոլորտի փորձագետների, պատասխանատուների և գործող ուսուցիչների հետ քննարկումներ կազմակերպելու, ինչպես նաև հետագա մասնագիտական օրակարգը ճշգրտելու և առկա կարիքները վերհանելու տեսանկյունից։

Համաժողովի բացմանը ներկա էին ԿԳՄՍ նախարար, ՀՊՄՀ Խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Հայաստանում Միացյալ Թագավորության փոխդեսպան Փոլ Մորիսը, Բրիտանական խորհրդի Անգլերեն գլոբալ ծրագրերի ղեկավար Մայքլ Քոնոլին:

Նախարարը և փոխնախարարն ընդգծեցին Բրիտանական խորհրդի կարևոր ներդրումը ուսուցչների տարակարգերի ճշգրտման, նրանց մասնագիտական զարգացման և վերապատրաստման նոր հայեցակարգի մշակման հարցում։ Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ադդե Հովասափյանը ներկայացրեց այդ ուղղությամբ իրականացված աշխատանքները, որոնք, դասավանդողների առցանց համայնքի հիմնական թեմաների հետ մեկտեղ, սահմանել էին համաժողովի մասնախմբերի թեմաները, մասնակիցների ընտրության և ելույթների տրամաբանությունը։