ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մասնակցել է միջազգային ֆորումի
23.12.2024
Մասնակցել է միջազգային ֆորումի

ՀՊՄՀ Պատմության թանգարանի տնօրեն Ալվարդ Գրիգորյանն առցանց մասնակցել է Մոսկվայում անցկացված «Ինտերմուզեյ Էքսպո» միջազգային ֆորումին։

«Դասարան ապակու հետևում.ինչպես են թանգարանները դառնում դպրոցական ուսումնական ծրագրի մաս» նստաշրջանում Ալվարդ Գրիգորյանը ներկայացրել է բուհի թանգարանի գործունեությունը։

«Թանգարանը ֆորմալ կրթության մաս» թեմայի շրջանակներում նա անդրադարձել է ապագա ուսուցիչներին թանգարանային մանկավարժության հիմունքներին ծանոթացնելուն, ուսումնական պրակտիկայի ընթացքում աշակերտների համար գործնականում թանգարանային կրթական ծրագրեր կազմակերպելու հնարավորություններին։ Ներկայացվել է նաև բուհի բոլոր ֆակուլտետների հետ ակտիվ համագործակցությունը, շրջանավարտների հետ մշտական կապը, դասընթաց-վարժանքներ կազմակերպելու և թեմայի վերաբերյալ ուսումնական ձեռնարկներ հրատարակելու փորձառությունը։

Փորձի փոխանակման նպատակով անցկացվող նստաշրջանում բանախոսն ընդգծել է թանգարանների՝ որպես դպրոցականների կրթական և անհատական զարգացման հարթակ ունենալու կարևորությունը․ «Թանգարանների դերը կրթական համակարգում մնում է թերագնահատված․ դասական էքսկուրսիաները չեն կարողանում տպավորել այսօրվա սովորողներին և հազվադեպ են օգտակար լինում: Դրանք պետք է վերանայեն ավանդական մոտեցումն ու առաջարկեն նոր ձևաչափեր, որոնք կգրավեն մատաղ սերնդին»,-նշել է թանգարանի տնօրենը։

Ֆորումի կազմակերպիչները դրական են գնահատել ՀՊՄՀ Պատմության թանգարանի փորձը՝ դպրոց-բուհ-մասնագիտություն կրթական շղթայի մեջ թանգարաններն ինտեգրելու տեսանկյունից։ Գործընկերների առաջարկով՝ Ալվարդ Գրիգորյանի փորձը կներկայացվի նաև հոդվածի տեսքով: