ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Մաթեմատիկական կրթության հիմնական խնդիրը պետք է լինի առարկայի ուսուցման միջոցով արժեհամակարգ ձևավորելը»
14.10.2016
«Մաթեմատիկական կրթության հիմնական խնդիրը պետք է լինի առարկայի ուսուցման միջոցով արժեհամակարգ ձևավորելը»

Մանկավարժական համալսարանում մեկնարկեց ՀՊՄՀ-ի, ՀՀ Գիտության պետական կոմիտեի և Կրթության ազգային ինստիտուտի նախաձեռնությամբ կազմակերպված «Մաթեմատիկական կրթություն» խորագրով երկօրյա գիտաժողովը, որին մասնակցում են գիտակրթական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտի առաջատար մասնագետներ, դասախոսներ, ուսուցիչներ, ուսանողներ:

ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, ողջունելով 4-րդ գիտաժողովի մասնակիցներին, ընդգծեց գիտակրթական ոլորտում մաթեմատիկայի կարևորությունը, նշելով, որ մանկավարժական բուհն առաջնորդվում է այն առաջնային դիտարկելու սկզբունքով.«Հայտնի է, որ յուրաքանչյուր մասնագետ ունի դասավանդման իր մեթոդն ու մոտեցումը. նման գիտաժողովները հնարավորություն են տալիս ի մի բերել մասնագիտական կարծիքներն ու փոխանակվել դրանցով»:

ՀՀ ԳԱ ակադեմիայի ակադեմիկոս Վանիկ Զաքարյանն էլ նկատի ունենալով նաև անցկացվող ձեռնարկը՝ իր խոսքում ընդգծեց այն դրական փոփոխությունները, որոնց տարեցտարի ենթարկվում է բուհը՝ վերածվելով գիտամանկավարժական խոշոր դարբնոցի:

Ակադեմիկոսը կարևորեց ներկայիս ռեկտորի դերակատարումը՝ դրական համարելով այն, որ այժմ մանկավարժական ոլորտում կատարվող ցանկացած ձեռնարկ անցկացվում է Մանկավարժական համալսարանի մասնագետների անմիջական մասնակցությամբ:

ՀՀ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը «Մաթեմատիկայի էությունը և մաթեմատիկական կրթության առանձնահատկությունները» թեմայով զեկույցում ձևակերպեց մի քանի գլոբալ խնդիրներ, որոնք, ըստ բանախոսի, կարող են դառնալ մի շարք կարևոր ուսումնասիրությունների, հետազոտությունների ուղղություններ՝ հատկապես երիտասարդների համար:

Փոխնախարարն ավելորդ չհամարեց իր զեկույցի նախաբանում անդրադառնալ խորհրդային միության կրթական համակարգին՝ ընդգծելով, որ այսօր էլ կրթական նվաճումների, գիտության, կրթության կազմակերպման մասին խոսելիս որոշակի համեմատություն անցկացվում է հենց այս ժամանակաշրջանի հետ:

Օրինակ բերելով նույն ժամանակի ձևավորման սկզբում բնագիտության զրոյական մակարդակն ու 50-60-ականներին մեր երկրի՝ աշխարհում լավագույններից մեկը դառնալու փաստը, բանախոսը կարևորեց դրա ուսումնասիրումն ու կրկին առաջատարը դառնալու հնարավորությունը.«Երիտասարդները պետք է հասկանան, որ անթույլատրելի է զբաղվել օտարազգի որևէ գիտական ուղղության նվաճումների կիրառությամբ.դա նշանակում է մատնվել հավերժ հետամնացության»:

Մանուկ Մկրտչյանն անդրադարձավ մաթեմատիկայի էության և մաթեմատիկական կրթության առանձնահատկությունների վերաբերյալ աշխարհահռչակ մաթեմատիկոսների տեսություններին, մաթեմատիկայի՝ որպես առանձին ճյուղի ձևավորմանը, ֆիզիկայի և աստվածաբանության բաղադրիչներում դրա միջնորդությանը, մաթեմատիկական մտածելակերպի սոցիալականացմանն ու մաթեմատիկական կրթություն ունեցող անձանց ամենատարբեր ոլորտներում ունեցած հաջողություններին.«Լուրջ խնդիր է մաթեմատիկայի կրթության բովանդակության կառուցվածքի նորովի մոտեցումը, առարկայի ուսումնասիրության նկատմամաբ աշակերտների մոտիվացիայի բարձրացումը: Մաթեմատիկան դարձնելով հանրակրթական առարկա, անհրաժեշտ է ձևակերպել ոչ թե մաթեմատիկական գիտելիքներ, այլ մաթեմատիկական մտածելակերպ»,- ամփոփեց մանկավարժության դոկտորը՝ ևս մեկ անգամ հորդորելով ոլորտում գրանցել հաջողություններ սեփական փորձառությամբ:

«Մաթեմատիկական դպրոցի աշակերտների հարմարեցված կրթությունը՝ նրանց օժտվածության հաշվառմամբ» զեկույցում հրավիրյալներ՝ մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մ.Ռոդինովն ու մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Տ. Չերնեցկայանն ներկայացրին տարբեր դպրոցներում թեմայի վերաբերյալ կատարած հետազոտությունների քայլերը, առանձնահատկությունները, թեստավորման սխեման և արդյունքները, փորձարկման վերաբերյալ մասնակից մանկավարժների կարծիքները:

Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վոլոշինովը «Մաթեմատիկան և էսթետիկան.Պյութագորասից մինչև Մանդելբրոտը» թեմայով զեկույցում էլ խոսեց Պյութագորասի առաջին և երկրորդ մաթեմատիկա-էստթետիկական օրենքների, վերածննդի ժամանակաշրջանի, համաչափությանը՝ որպես գիտության և արվեստի ունիվերսալ սկզբունք, մաթեմատիկայի և էսթետիկայի նոր միությանը՝ սիներգետիկային, ֆրակտալին և այլն:

Մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՊՄՀ-ի մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Համլետ Միքայելյանը հանդես եկավ «Որոշ նկատառումներ սովորողների արժեհամակարգի ձևավորման վերաբերյալ» թեմայով զեկուցմամբ..«Եթե ԱՄՆ-ն աշակերտի վրա ծախսում է 10 հազար, ՀՀ-ն՝ 250 դոլար, ապա պարզ է դառնում, թե որ երկիրը ինչ ներդրում է անում՝ պատրաստելու կադրեր ապագայի համար»,-նշեց պրոֆեսորն ու նկատեց, որ չկա երկրից դուրս եկող աշակերտների և ուսանողների արտահոսքի մասին ամփոփ վիճակագրություն, այնինչ կրթությունը կազմակերպում է պետությունն իր հզորության և ապագայի համար:

Անդրադառնալով մաթեմատիկական կրթության ոլորտի խնդիներին՝ մաթեմատիկոսը կրկին փաստեց, որ խնդրի լուծման ճանապարհը ոչ թե գիտելիքահեն կամ մաթեմատիկահեն կրթությունն է, աշակերտին մաթեմատիկա սովորեցնելը, այլ մաթեմատիկայի միջոցով արժեհամակարգ ձևավորելը՝ անցյալը-ներկան, նյութականը –հոգևորը, բարին-գեղեցիկը-ճշմարիտը, ազգայինը-համամարդկայինը:

Գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին երկու մասնաճյուղերում. մասնակիցներն անդրադարձան մաթեմատիկայի ուսուցման գործընթացում ինտերակտիվ մեթոդներին, աշակերտի գեղագիտական դաստիրակության գործում ուսուցչի ստեղծագործական գործունեությանը, մաթեմատիկայի ուսուցման գործընթացում գեղեցիկի ձևավորմանը, շարունակական կրթության համատեքստում կամընտրական ծրագրերին և այլն:

«Մաթեմատիկական կրթություն» խորագրով հանրապետական երկօրյա գիտաժողովը կամփոփվի վաղը՝ հոկտեմբերի 15-ին: