ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Մաթեմատիկական կրթություն» խորագրով միջազգային գիտաժողովի մեկնարկը
10.10.2019
«Մաթեմատիկական կրթություն» խորագրով միջազգային գիտաժողովի մեկնարկը

Մանկավարժական համալսարանում «Մաթեմատիկական կրթություն» խորագրով միջազգային ամենամյա գիտաժողովները շարունակական բնույթ են կրում: Հոկտեմբերի 10-12-ը կազմակերպված հերթական գիտաժողովը յոթերորդն էր: Այն կազմակերպվել էր ՀՀ Գիտության կոմիտեի, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական, Պերմի պետական ազգային ,Սոլիկամսկի պետական մանկավարժական ինստիտուտի, Սարատովի Ն. Չեռնիշևսկու անվան պետական ազգային հետազոտական, Պենզայի պետական, Չերկասի Բ. Խմելնիցկու անվան ազգային համալսարանների հետ համատեղ:

Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ գիտաժողովի հանդիսավոր բացումը:

Պրոֆեսոր Համլետ Միքայելյանի ներածական խոսքում ընդգծված մտահոգություն կար մեր կրթության վաղվա օրվա, մարդկային կարևորագույն արժեքները երեխաներին չհասցնելու, կրթությունն ըստ այդ արժեքների կազմակերպել չկարողանալու և նման այլ հարցերի շուրջ: «Կարողանո՞ւմ ենք այնպես անել, որ ձևավորենք այդ արժեքները երեխաների մեջ». հարցը կարևոր և ավելի քան մտահոգիչ է… Ահա այս խնդիրների քննարկմանն էր միտված գիտաժողովը, որին մասնակցում էին Արցախից, Սանկտ Պետերբուրգից և այլ տեղերից հրավիրված գործընկերները /մի մասը, ինչպես ընդունված է, օնլայն տարբերակով/, Մանկավարժական համալսարանի դասախոսները և ուսանողները:
Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՊՄՀ ուսումնագիտական գծով պրոռեկտոր, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը, որն իր խոսքում հատկապես կարևորեց ուսանողների մասնագիտական զարգացումը նման գիտաժողովների համատեքստում, և մաղթեց, որ մասնագիտական հաղորդակցման պահանջմունքը հիմք հանդիսանա հետագա զարգացումների համար:

Ակադեմիկոս Գևորգ Բաղդասարյանի կարծիքով, «անկախ մեզնից, մեր վերաբերմունքը մի քիչ փոխվել է գիտության նկատմամբ»: Նա ներկաներին վստահեցրեց՝ առանց գիտելիքի և գիտության չի կարող լինել մանկավարժություն, իսկ առանց սիրո չես կարող հասնել հաջողության:

Ելույթ ունեցավ Սանկտ Պետերբուրգի Գերցենի անվան մանկավարժական համալսարանի դասախոս Օլգա Ալեքսանդրի Իվաշովան: Նա երազում էր լինել Երևանում և ահա հնարավորություն ընձեռվեց իրականացնելու երազանքը, հանդիպելու գործընկերների հետ: Նա խոսեց երկու համալսարանների միջև սերտ կապերի մասին, կարևորեց մաթեմատիկայի կապը մշակույթի հետ, որն իրեն օգնում է Մանկության ինստիտուտում աշխատելիս:

Հետաքրքիր զեկուցումով հանդես եկավ մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Միքայելյանը: Նրա զեկուցումը վերաբերում էր դպրոցական մաթեմատիկայի խոսքի մշակույթին: Առանց խոսքի, առանց հաղորդակցման անհնար է կրթությունն իրականացնել, և այդ համատեքստում պրոֆեսորն անդրադարձավ մաթեմատիկական խոսքի, դպրոցականի մաթեմատիկական խոսքի, դպրոցականի մաթեմատիկական խոսքի մշակույթի մակարդակների, մաթեմատիկայի ուսուցչի խոսքի, և դպրոցական դասագրքերի խոսքի մշակույթների պարզաբանմանն ու բացահայտմանը:

Մաթեմատիկայի հանդեպ նվազող հետաքրքության և մաթեմատիկայի դասավանդման ժամանակակից խնդիրների մասին խոսեց մանկավարժական գիտությունների դոկտոր Մանուկ Մկրտչյանը, իսկ մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Քնարիկ Հովհաննիսյանը ներկայացրեց ժամանակակից մաթեմատիկայի առաքելության մեջ ֆիզիկոսների և լիրիկների վեճի լուծման ուղիներին վերաբերող զեկուցում:

Գիտաժողովը միտված է նպաստելու մաթեմատիկայի հանդեպ հետաքրքությունների բարձրացմանը և առարկայի ժամանակակից խնդիրների հանգուցալուծումների բացահայտմանը: