ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Մաթեմատիկական կրթություն».միջազգային գիտաժողով Մանկավարժականում
07.10.2021
«Մաթեմատիկական կրթություն».միջազգային գիտաժողով Մանկավարժականում

Մանկավարժական համալսարանում մեկնարկեց «Մաթեմատիկական կրթություն» խորագրով միջազգային գիտաժողովը, որին մասնակցում էին հայաստանյան, Արցախի և ՌԴ բուհերի մի շարք բուհերի ներկայացուցիչներ, ինչպես նաև ուսուցիչներ՝ տարբեր դպրոցներից:

ՀՊՄՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Աշոտ Խոեցյանը ողջունեց գիտաժողովի մասնակիցներին և մաղթեց արդյունավետ աշխատանք՝ կարևորելով միջազգային գործընկեր բուհերի ներկայացուցիչների մասնակցությունը։

Պրոֆեսոր Խոեցյանն առանձնակի կարևորեց ֆիզիկամաթեմատիկական ուղղվածությամբ աշխատանքների կարևորությունը, քանի որ բնագիտական առարկաների հանդեպ հասարակության հետաքրքրությունը նկատելի անկում է ապրել։

«Որպես ուսուցիչներ պատրաստող առաջնային օղակ՝ հատկապես Մանկավարժական համալսարանը պարտավոր է այս երևույթի հանդեպ ունենա հետևողական վերաբերմունք, թույլ չտա, որ միտումը խորանա․ դպրոցը սպասում է ֆիզիկայի, մաթեմատիկայի, կենսաբանության, քիմիայի, աշխարհագրության բնագավառների ուսուցիչների։ Գիտության այս բնագավառներում բուհն ունեցել է լուրջ ավանդույթներ՝ ի դեմս այն գիտնականների, որոնք մինչ օրս էլ դասավանդում են ՀՊՄՀ-ում․ նրանք գիտությունը ներկայացրել են նաև երկրի սահմաններից դուրս»,-նշեց Աշոտ Խոեցյանն ու հավելեց, որ գիտաժողովն ունի ինչպես կրթական և գիտական, այնպես էլ դաստիարակչական նշանակություն՝ մաթեմատիկայի դերի և դրա տարածման տեսանկյունից։
Արդեն 9-րդ տարին անցկացվող միջազգային գիտաժողովի նախաձեռնությունը մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Միքայելյանինն է։ Նրա կարծիքով՝ այս գիտաժողովի շնորհիվ մաթեմատիկական կրթությունը համակողմանի դիտարկման է արժանանում՝ ուսուցման և դաստիարակության տեսանկյունից։

«Գիտաժողովի ընթացքում տեղի և արտասահմանցի գործընկերների կողմից կատարվում են արժեքավոր դիտարկումներ։ Ափսոսանքով պետք է նշեմ, որ չունենք մասնագետների առավել լայն շրջանակն ընդգրկելու հնարավորություն»,-նշեց պրոֆեսոր Միքայելյանն ու արդյունավետ աշխատանք մաղթեց մասնակիցներին։

Գիտաժողովի արտասահմանցի մասնակցիներից շատերն իրենց զեկույցները ներկայացրին առցանց ձևաչափով՝ տեսակապի միջոցով։

Մոսկվայի պետական համալսարանի ակադեմիկոս, Ալեքսեյ Սեմյոնովը տեսակապով ներկայացրեց «Մաթեմատիկական կրթության ապագան» խորագրով զեկուցումը: Նա շեշտեց, որ «վաղն աշխարհն ավելի թվայնացված կլինի, քան այսօր» և որ պետք է հարմարվել այդ ռիթմին.« Մենք գիտենք, որ մաթեմատիկան է ընկած համակարգչի և թվային տեխնոլոգիաների հիմքում: Դպրոցը կպահպանվի, եթե հաղթահարի իր և շրջակա աշխարհի միջև առկա թվային անդունդը»,-ընդգծեց բանախոսը:

Զեկուցողն անդրադարձավ նաև մաթեմատիկական կրթության մերօրյա նպատակներին՝ ինչ ենք ուզում սովորեցնել երեխաներին, ներկա իրավիճակին և փաստեց, որ վերոհիշյալ նպատակներին հասնելու համար դեռևս ցածր աստիճանի վրա ենք:
Ակադեմիկոսն քննությունների ընթացքում կարևորեց երեխաների և ուսուցիչների թվային տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորությունները, խոսեց մաթեմատիկան և ինֆորմատիկան տարրական դպրոցներում իրագործելու, «Թվային աշխարհ» ծրագրի մասին, մատնանշեց արդյունավետ կրթության ուղիները թվային պլատֆորմի վրա:

Պլենար նիստին ելույթ ունեցավ նաև ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանը, որը ներկայացրեց «Հարմոնիկ շարքերի որոշ կիրառությունները ֆիզիկայում» զեկույցը: Վերջինս իր ելույթում կարևորեց ֆիզիկա-մաթեմատիկա-միջառարկայական կապը՝ ընդգծելով, որ առանց մաթեմատիկա դժվար է դասավանդել ֆիզիկա, այնինչ ծրագրային անհամապատասխանությունը առաջ է բերում մի շարք դժվարություններ:

Ֆիզիկոսներն ամենատարբեր հնարքներով փորձում են հաղթահարել դրանք. համալսարանում, որտեղ դասավանդում է, մաթեմատիկների հետ արդենիսկ պատրաստում են հատուկ կուրս՝ մաթեմատիկան՝ ֆիզիկոսների համար: Վստահ է՝ համագործակցությունն օգտակար կլինի երկուստեք:

Մոսկվայի քաղաքային մանկավարժական համալսարանի պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների դոկտոր Վադիմ Գրինշկուն կարևորում է, որ այսքան դժվար ժամանակաշրջանում կարողացել է մասնակցել գիտաժողովին. Մանկավարժականում վերջին անգամ եղել է 15 տարի առաջ, առիթը կրկին եղել է գիտաժողովին մասնակցելը:

Պրոֆեսորն ելույթում նշեց` իր ղեկավարած կառույցը զբաղվում է այն խնդրով, թե ինչպես սովորեցնել, երբ կիրառվում են նորագույն տեխնոլոգիաները:
Վերջինս անդրադարձավ անհատական կրթական հետագծերի համար անհրաժեշտ թվային գործիքներին, ուսումնական նյութերի հիերարխիկ հեռահաղորդակցության բազային, ուսումնական նյութերի նախագծման ալգորիթմին:

Նույն համալսարանի պրոֆեսոր Օլգա Զասլավսկայան էլ խոսեց մաթեմատիկա-ինֆորմատիկա միջառարկայական կապերի մասին, անդրադարձավ այն հարցին՝ ինչպե՞ս կրթական համակարգի կարիքներից ելնելով ընտրել ճիշտ գործիքներն ու բովանդակությունը, որ ուսանողները կարողանան այդ մեթոդները կիրառել դասարանում կամ տանը:

Մանկավարժական գիտությունների դոկտոր Մանուկ Մկրտչյանը նույնպես հանդես եկավ պլենար նիստին` միջազգային գիտաժողովում ներկայացնելով «Մաթեմատիկան որպես հանրակրթական առարկա.հիմնական մոտեցումներն ու իրականացման հիմնախնդիրները» թեման:

Վերջինս նկատեց՝ գիտաժողովի շրջանակներում հնչեցրած իր ելույթներում մշտապես հետևողականորեն առաջ է մղում այն միտքը, որ մաթեմատիկական առարկաների բովանդակությունն ու ուսուցման կազամակերպման ձևն արմատապես պետք է փոփոխվի.«Ձևական փոփոխությունների կարիք չկա. պետք է փոփոխել նպատակաուղղվածությունը, մեթոդները` անհատական մոտեցումը առարկայի համար դարձնելով կարևոր նախապայման և պարտադիր սկզբունք: Երեխաները շատ տարբեր են, ունեն իրենց ներքին առանձնահատկությունը, բայց բոլորն էլ ընդունակ են, միայն թե նրանց որակական հատկությունների զարգացման համար պետք է մշակել անհատական մոտեցում: Երբ մենք դիտարկում ենք հանրակրթության խնդիրը, նշանակում է՝ դիտարկում ենք այն, թե ինչը պետք է է պարտադիր լինի բոլորի համար, պարտադիր՝ ոչ ըստ ընդունակությունների: Այստեղ է, որ առաջ է գալիս այն թեզը, որ գիտելիքներն ու բանաձևերը սոսկ առիթներ են, և անհրաժեշտ է փոխել հիմնական բաղադրիչը՝ բովանդակությունը»:

Մանուկ Մկրտչյանը կարևորեց նմանատիպ գիտաժողովների անցկացումը, նշելով, որ դրանց ամենամյա լինելն անգնահատելի արժեք ունի.հնչում են նոր տեսակետներ, ծնվում են նոր մտքեր, որի առաջին շահառուն հենց ուսանողն է: 

Գիտաժողովի շրջանակներում մասնակիցներն անդրադարձան միջին դպրոցում մաթեմատիկական մտածողության ձևավորման խնդրին, մտավոր գործունեության ընթացքում մտածողության և ներքին խոսքի փոխհարաբերություններին, բնագիտամաթեմատիկական և հումանիտար մասնագիտական ուղղվածությամբ ուսանողների արժեհամակարգի առանձնահատկություններին և այլն: 

«Մաթեմատիկական կրթություն» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն վաղը: