ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մաթեմատիկան՝ գեղեցիկի լեզվով
30.10.2017
Մաթեմատիկան՝ գեղեցիկի լեզվով

«Գեղեցիկը բնության մեջ, արվեստում և գիտության մեջ, մասնավորապես՝ մաթեմատիկայում»,-այսօր Մանկավարժական համալսարանում կայացած Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Համլետ Միքայելյանի դասը մարդու կյանքը կարգավորող հիմնական բաղադրիչներից մեկի՝ գեղեցիկի մասին էր:

Գեղեցիկը զգալու, տեսնելու, ապրելու հնարավորություն ունեցան Գ. Ադդարյանի անվան №133 հիմնական դպրոցի 7-9-րդ դասարաններ աշակերտները:

Պյութագորասի հայտնի թեորեմից մինչև ամենատարբեր խնդիրների գեղեցիկ լուծումներ. աշակերտները դոկտորի օգնությամբ դպրոցական պատերից դուրս առաջին անգամ այլ ձևաչափում ունկնդրեցին և իրենց ծանոթ գիտությունը բացահայտեցին նոր, մեկ այլ կողմից:

«Ի հակադրություն կյանքի՝ մաթեմատիկան պարզ է ու հեշտ, իսկ դրա առաջադրած խնդիրների լուծումների գործընթացն այն դարձնում է գեղեցիկ: Սա գիտություն է, որը զարգացել է գեղագիտական մոտիվների շնորհիվ և դրդում է որոշակի բացահայտման, ունի արտաքին և խորքային գեղեցկություն»,-նշեց Համլետ Միքայելյանը և մի շարք օրինակների, խնդիրների միջոցով կրտսեր սերնդին պարզաբանեց արվեստի, բնության և մաթեմատիկայի միջև եղած գեղեցիկի տարբերությունները:

Պրոֆեսորի գլխավոր պատգամը Գ. Ադդարյանի անվան №133 հիմնական դպրոցի սաներին եղավ՝ կարևորել իմացությունը, գիտելիքը.այն անհրաժեշտ է և դրա համար էլ գեղեցիկ է:

«Մաթեմատիկայի գեղեցիկը նաև իմանալու, որոնելու, լուծումներ գտնելու մեջ է. պետք է իմանալ, լցնել միտքն ու հոգին՝ դրա շնորհիվ կյանքում կգտնես և չես կորցնի»,-դասի ավարտին նշեց բանախոսը:

№133 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Ջուլիետա Ղազարյանը aspu.am-ի հետ զրույցում անկեղծացավ՝ տրամաբանական հարցերի շնորհիվ առավել ամրապնդվեցին դպրոցում ստացած գիտելիքները:

Նույն դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Գեղեցիկ Մարտիրոսյանի համար դասը պատմական է.ուղիղ 30 տարի առաջ մանկավարժական բուհում իրեն դասավանդած պրոֆեսորն այսօր սիրո, գեղեցիկի և մաթեմատիկայի միջև զուգահեռներ է անցկացնում իր կողմից կրթվող սերնդի համար՝ նրանց տանելով այդ գիտության բացահայտումների նոր ճանապարհով: