ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մաթեմատիկան գիտությունների թագուհին է
20.02.2020
Մաթեմատիկան գիտությունների թագուհին է

Մանկավարժական համալսարանի № 57 հիմնական դպրոցի 3-րդ Ա դասարանի աշակերտները, դասվար Կարինե Չիբուխչյանի հետ, «Մաթեմատիկան գիտությունների թագուհին է» խորագրով միջոցառմամբ օրը մաթեմատիկական գիտելիքների տոնի վերածեցին:

Ութ փուլից բաղկացած միջոցառման ընթացքում փոքրիկները բացեցին մաթեմատիկայի ողջ հմայքն ու գեղեցկությունը. բեմում չորս խմբի բաժանված աշակերտները՝ մաթեմատիկոսները, խելամիտները, իմաստունները և գիտունները, մաթեմատիկայի լեզվով ողջունեցին ներկաներին, ներկայացրին թվերի ծագումնաբանությունը, թվագրության դիրքային համակարգը, արաբական և հռոմեական թվերի պատմությունը՝ հասնելով մինչև հայ իրականություն՝ մաթեմատիկոս Անանիա Շիրակացու գործունեությանը:

Աշակերտները ներկայացրին բանաստեղծություններ ու երգեր թվերի մասին, ինչպես նաև թվերի բնութագրումներն ու դեռ շատ հնուց նրանց վերագրված մոգական պատմություններ: Իսկ հետո բեմում հայտնվեցին Մոխրոտը, Ձախորդ Փանոսը, Քաջ Նազարը, որոնց աշակերտները թվային հանելուկներ առաջադրեցին և օգնեցին գտնել լուծումները…

Աշակերտները երկխոսությունների միջոցով հումորային հանելուկներ ներկայացրին, ապա թվերի միջոցով՝ առածներ ու ասացվածքներ:

Երաժշտական փուլում ծանոթ երգերի օգնությամբ փոքրիկները խնդիրներ առաջադրեցին, այնուհետև՝ խաղ հանդիսատեսի հետ, իսկ վերջին փուլում կրկին մաթեմատիկական հումոր:

Պատին փակցված 8 թվերը հաջորդաբար բացելով՝ վերջապես հասան մրցույթի տրամաբանական ավարտին՝ բացեցին «Հաղթանակ» բառը:

«Հաղթանակ ամեն ինչում: Իսկ հաղթելու համար պետք է լավ տիրապետել մաթեմատիկային»,-ասաց դասվար Կարինե Չիբուխչյանը: Նա և երգ-երաժշտության ուսուցչուհի Ազնիվ Բարեղամյանը աշակերտների միջոցով ներկաներին մաթեմատիկային նվիրված տոն պարգևեցին՝ միաժամանակ փոքրիկներին կապելով թվերի գունագեղ աշխարհին:

Դպրոցի տնօրեն Նաիրա Տողանյանն իր հիացմունքն արտահայտեց աշակերտական կոլեկտիվի մասին.  «Յուրահատուկ դասարան, որտեղ զարգացումն ու մտավոր աճն օրեցօր առավել նկատելի է դառնում: Մի՞թե հեշտ է աշխատել 36 աշակերտի հետ: Բայց դա հաջողվել է այս դասարանում, որտեղ յուրաքանչյուր աշակերտ անհատականություն է, ուրույն կերպար ու նկարագիր ունի»:

Ուսուցիչները փոքրիկներին քաջալերեցին՝ ահա այսպես միասնական եղեք, ինչպես միջոցառման ավարտն ազդարարած  «Լորկե» երգ ու պարի ընթացքում էիք միասնական ու համախմբված:

Ու քանի որ օրը գիրք նվիրելու խորհուրդ ուներ՝ աշակերտներին «Մտքի վարժանք» վերնագրով խորհրդանշական գրքեր նվիրեցին՝ մաթեմատիկայի հանդեպ երեխաների սերն ու գիտելիքներն ամրապնդելու և բազմապատկելու նպատակով: