Նոյեմբերի 4-10-ը Հայաստանում հայտարարված է մեդիագրագիտության շաբաթը։ Այդ համատեքստում Մանկավարժական համալսարանում կայացավ Հանրային լրագրության ակումբի կազմակերպած «Առցանց կենդանաբանական այգի» մանկական գրքի և Կրթության և վերապատրաստման միջոցով ապատեղեկատվության դեմ պայքարի և թվային գրագիտության խթանման ուղեցույցների շնորհանդեսը։
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ֆինանսական աջակցությամբ կայացած ձեռնարկն անցկացվեց մեդիագրագիտության շաբաթվա շրջանակներում։
Ներկա էին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի տեղակալ, Քաղաքական, մամուլի և տեղեկատվության հարցերով բաժնի ղեկավար Յան Պլեշինգերը, ՀՊՄՀ ղեկավար կազմի, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, գործող և ապագա մանկավարժներ։
Հանրային լրագրության ակումբի նախագահ Սեդա Մուրադյանն ողջույնի խոսքում ընդգծեց՝ կարևորում են կրթության ոլորտի զարգացմանը, մանկավարժների աջակցությանը միտված ցանկացած նախաձեռնություն։ Նա պատահական չհամարեց նաև միջոցառման վայրի ընտրությունը․ այս կրթօջախում են պատրաստում մանկավարժների սերունդներ, իսկ մեր օրերում դժվար է գերագնահատել կրթության դերը։
Սեդա Մուրադյանը խոսեց թվային դարաշրջանում համացանցից օգտվելու անխուսափելիության մասին՝ ընդգծելով՝ հնարավորությունների հետ մեկտեղ, շատ են նաև մարտահրավերներն ու խնդիրները։ Համոզված է՝ ներկայացված կրթական նյութերը կարևոր ուղեցույց կլինեն, կօգնեն դասավանդողներին և ուսուցիչներին մեդիագրագետ քաղաքացիներ ձևավորելու, երեխաների քննադատական մտածողությունը զարգացնելու, թվային դաշտում առավել պաշտպանված դառնալու։
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի տեղակալ, Քաղաքական, մամուլի և տեղեկատվության հարցերով բաժնի ղեկավար Յան Պլեզինգերը արդիական համարեց «Մեդիագրագիտությունն արհեստական բանականության դարաշրջանում» խորագիրը, որը մաս է կազմում միջազգային շարժման և նպատակն ունի բաձրացնել մեդիայի ընկալման, վերլուծության թեմայի շուրջ տեղեկացվածությունը։
Յան Պլեզինգերը նկատեց՝ մենք ապրում ենք մի դարաշրջանում, որը գերհարուստ է տեղեկատվությամբ․ այս միջավայրում հիմնարար հմտություն է մեդիագրագիտությունը։ Նա կարևորեց, որ հասարակությունը, երիտասարդները հատկապես, կարողանան քննադատորեն գնահատել մեդիա և թվային դաշտում առկա բովանդակությունը, իսկ մեդիագրագիտությունը ժողովրդավարության անկյունքար դիտարկեց, որի արդյունավետության համար անհրաժեշտ համարեց մեդիագրագիտության հմտությունների խթանումը։
ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը նկատում է՝ թվայնացման դարաշրջանում դժվար է կյանքը պատկերացնել առանց մեդիայի և կրկնակի դժվար է պատկերացնել առանց մեդիագրագիտության․ դրա առկայության շնորհիվ է հնարավոր ճիշտ վերլուծություն անել։
Պրոռեկտորը մեդիագրագիտությունը կարևորեց մանկավարժական տեսանկյունից ևս՝ նախադպրոցական տարիքից սկսած՝ երեխաներին անհրաժեշտ է սովորեցնել օգտվել ճիշտ աղբյուրներից և իրենց ընտրությունը մեդիադաշտում ճիշտ կատարել։ Նա ընդգծեց՝ Մանկավարժական համալսարանում մեդիագրագիտությունը կարևորել են դեռևս 2014 թվականից․ ներդրվել են նոր առարկաներ, իրականացվել մի շարք ամբիցիոզ նախագծեր և միջոցառումներ։ Վստահ է՝ երեխաների հետ աշխատանքը պետք է տարվի վաղ հասակից․ այդկերպ կունենանք զարգացած և պատրաստված քաղաքացիներ մեր երկրի համար։
Մեդիագրագիտության շաբաթվա շրջանակներում անցկացվող միջոցառմանը Մանկավարժականում էր նաև «Առցանց կենդանաբանական այգի»-ն բնագրից հայերեն թարգմանած 12-ամյա Ստելլա Սահակյանը։ Նա կիսվեց իր փորձառությամբ, խոսեց գործընթացի, գրքի՝ իր սիրելի հերոսների և դրա շնորհիվ ունեցած ձեռքբերումների մասին։
ՀԼԱ Հաղորդակցության և ծրագրերի համակարգող Հասմիկ Փայտյանն էլ ներկայացրեց շնորհանդեսին ներկայացված գրքերը, ընդգծելով՝ դրանք նպատակ ունեն մատչելի ձևով ներկայացնել մեդիագրագիտության կարևորությունն ու թվային անվտանգության մարտահրավերները, ինչպես նաև համացանցում անվտանգ գործելու կանոններն ու սկզբունքները։
ՀՊՄՀ Մանկավարժության ամբիոնի դոցենտ Լուսինե Պողոսյանն անդրադարձավ մեդիագրագիտության դասավանդման կարևորությանը, խոսեց Մանկավարժական համալսարանում իրականցված և սպասվելիք ծրագրերի, համագործակցությունների և ոլորտի բարելավմանը միտված գործընթացների մասին։ Բանախոսն ընդգծեց՝ Մանկավարժականը մեդիակրթության դասընթացը ներդրած առաջատար բուհերից է, բուհի լաբորատորիայում իրակացվել են մի շարք հետազոտություններ, տպագրվել ձեռնարկներ։