ՀՊՄՀ-ի Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ բուհում անցկացվեց բանավեճի միջբուհական խաղ-մրցույթ։
Նախագիծն իր շուրջ է համախմբել հայաստանյան 8 բուհերի ուսանողների․«Նպատակն է ստեղծել ուսանողական հարթակ՝ համագործակցելու և անկախ մրցութային ձևաչափից տարբեր գաղափարներով միմյանց օգտակար լինելու համար»,- նկատում է ուսանողական խորհրդի նախագահ Պարույր Գալստյանը։
«Ժողովրդավարությունը որպես կառավարման ձև արդարացված է» թեմայի շրջանակներում այսօր մեկնարկած մրցույթում միմյանց հետ բանավիճեցին ՀՊՄՀ-ի և ԵՊՀ-ի թիմերը։ Ինչպես ընդգծեցին մրցույթի կազմակերպիչները՝ սա այն թեման է, որի շուրջ քննարկումները չեն դադարում՝ ո՛չ ակադեմիական, ո՛չ քաղաքական, ո՛չ հասարակական շրջանակներում։ Լիահույս են՝ խաղ-մրցույթը հնարավորություն կստեղծի ականատես լինել փաստարկված և կառուցողական բանավեճի, ինչը կխթանի մասնակիցների քննադատական մտածողությանը, հրապարակային խոսքի հմտությունների բարելավմանը։
«Կողմ» և «Դեմ» թիմեր, թիմերի ներկայացում, բանավեճի թեմայի մեկնաբանում, հիմնական հասկացությունների սահմանում, դիրքորոշում և պնդումներ, ներկայացվող պնդումները հավաստող փաստերի արձանագրում և փաստարկում․ առաջին փուլում թիմերը տվեցին թեմայի սահմանումը, հիմնավորող պնդումները։
Երկրորդ՝ հարց ու պատասխան փուլում, թիմերի խնդիրն էր դրսևորել վերլուծական միտք՝ թիրախային հարցերի միջոցով ստուգել «Դեմ» թիմի մոտ այս կամ այն տեղեկության իմացությունը, պարզաբանումներ պահանջել ընդդիմախոս թիմից՝ վերջինիս դիրքորոշման մասին, ինչպես նաև փակուղու մեջ գցել այդ թիմին։
Թիմերին գնահատեց պրոֆեսիոնալ ժյուրին․ Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի փոխդեկան Հայկ Գրիգորյանն ու Հասարակագիտության ամբիոնի վարիչ Հայկ Սուքիասյանը։ Նրանք բարձր գնահատեցին երկու թիմերին էլ․ 56 միավոր ՀՊՄՀ-ին, 57․75 միավոր ԵՊՀ-ին․ վերջինս էլ հաղթող ճանաչվեց բանավեճի արդյունքում։