Մանկավարժական համալսարանի Աղավնաձորի ուսումնական բազայում մեկնարկել է «Ամառային դպրոց 2019» միջազգային ծրագիրը։ Այս տարի այն կրում է «R-evolution» խորագիրը, որը խորհրդանշում է արագ զարգացում:
Արդեն յոթերորդ տարին անցկացվող ծրագրին այս տարի ևս մասնակցում են բուհի արտասահմանյան մի շարք գործընկեր համալսարանների ուսանողներ Ռուսաստանից, Բելառուսից, Չեխիայից, Լեհաստանից, Չինաստանից, Արցախից:
Ուսումնաճանաչողական այցեր, զրույց-քննարկումներ, հանդիպումներ, խաղեր․ միջազգային ուսանողական ծրագրի շուրջ 60 մասնակիցների համար առաջիկա տասնօրյակը կլինի հագեցած ու հետաքրքիր։
Ծրագրի բացմանը մասնակիցներին ողջունեց ՀՊՄՀ-ի աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Արա Երեմյանը և վստահեցրեց, որ միջազգային այս ծրագիրը, որ մեկ հարկի տակ է հավաքում տարբեր երկրների ուսանողներին, հնարավորություն կտա ծանոթանալ միմյանց մշակույթին, ունենալ անմոռանալի օրեր:
Մասնակիցներին ողջունեց և ծրագրի օրակարգը, անելիքներն ու կազմակերպչական մի շարք հարցեր ներկայացրեց ՀՊՄՀ-ի միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Մարիաննա Հարությունյանը՝ վստահեցնելով, որ առաջիկա օրերը հագեցած են լինելու բազմաբովանդակ ծրագրերով ու այցերով:
«Ամառային դպրոց 2019» միջազգային ծրագրի մեկնարկը տրված է․ առաջիկա օրերին սպասվում է բովանդակ ու հետաքրքիր ուսանողական տասնօրյակ։