ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մեկնարկել է դիմում-հայտերի ընդունումը
18.04.2024

Սիրելի դիմորդ,  մեկնարկել է 2023-2024 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական և 2024 թվականի բուհերի ընդունելության համար բուհի և մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը:

Շրջանավարտը (դիմորդը) բուհը և մասնագիտությունը նշելու և նշված մասնագիտության համար սահմանված ընդունելության (միասնական, ներբուհական) քննություն(ներ)ը հանձնելու կամ հանձնած քննություն(ներ)ը մուտքագրելու համար պետք է ունենա ԳԹԿ անձնական համար և մինչև մայիսի 10-ն առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի www.dimord.am   կայքէջում լրացնի ընդունելության դիմում-հայտ:

ԳԹԿ անձնական համար ստանալու համար շրջանավարտը (դիմորդը) դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին, իսկ նախորդ տարիների և 2023-2024 ուստարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները դիմում են իրենց բնակության վայրի`այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատության տնօրենին: 

Ուսումնական հաստատության տնօրենը ստուգում է ընդունելության քննություն հայտագրել ցանկացող դիմորդի՝ ՀՀ ֆինանսների նախարարությունում Գնահատման և թեստավորման կենտրոնի 900018003401 հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար փոխանցված 1500 (մեկ հազար հինգ հարյուր) դրամ վճարի անդորրագրի առկայությունը կամ վճարից ազատված լինելու փաստաթուղթը և, եթե չի մասնակցել միասնական քննությունների առաջին (հունվար-փետրվար) փուլին, ապա տալիս է ԳԹԿ անձնական համար։

Եթե Մանկավարժական համալսարանի դիմորդ եք և հանձնելու եք ներբուհական քննություններ, ապա յուրաքանչյուր քննության համար անհրաժեշտ է 1500 դրամ փոխանցել հետևյալ հաշվեհամարին (Կոնվերս Բանկ 1930055618190100) ։

Առաջին փուլի (հունվար-փետրվար) միասնական քննություններին մասնակցած շրջանավարտ-դիմորդը հայտագրման ժամանակ օգտագործում է ԳԹԿ նախկին անձնական համարը։

Ընդունելության դիմում-հայտը լրացնելու համար անհրաժեշտ է նաև`
• 3x4 չափի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը,
• անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը,

Միասնական քննությունների վճարից ազատվում են`
• պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք,
• 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,
• ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,
• առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:

Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀպաշտպանության նախարարության, ՀՀ ՆԳ նախարարության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները:

Սիրելի՛ դիմորդ, մինչ դիմում-հայտը լրացնելը, ևս մեկ անգամ ծանոթացիր 2024-2025 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ բակալավրիատի մասնագիտություններին, իսկ եթե ունես հարցեր, կարող ես գրել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել (010 59 70 69) կամ (077) 424342 հեռախոսահամարներով՝ Մանկավարժական համալսարանի Դիմորդների ներգրավման բաժին։

Նորություններ