«Ամառային դպրոց 2024» միջազգային ծրագրի մեկնարկը տրված է․ օգոստոսի 26-31-ը Մանկավարժական համալսարանի Աղավնաձորի ուսումնական բազայում առօրյան գերհագեցած է և հետաքրքիր՝ միջազգային ուսանողական ծրագրի մասնակիցների համար։
Այս տարի ծրագրում ընդգրկված է 50 մասնակից՝ ուսանողներ, մագիստրոսներ, ասպիրանտներ, աշխատակիցներ՝ ՀՊՄՀ-ից, բուհի գործընկեր՝ Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական, Մոսկվայի քաղաքային մանկավարժական, Հյուսիս-կովկասյան դաշնային, Հյուսիսային Օսեթիայի պետական, Ուրալի դաշնային համալսարաններից և կրթական այլ հաստատություններից։
Ծրագրի պաշտոնական բացմանը մասնակիցներին ողջունեց ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը։ Նա ընդգծեց՝ Մանկավարժականում կարևորում են միջազգային համագործակցությունն ու կապերի ընդլայնումը․լիահույս է, որ աշխարհի հնագույն և հարուստ պատմություն ունեցող մեր երկրում անցկացվող մեկշաբաթյա ծրագիրը կօգնի կատարել կարևոր առաքելություն՝ զարգանալ և զարգացնել։
Մարիաննա Հարությունը նկատում է՝ այն, որ ծրագրի մասնակիցները ամառային դպրոցը նախընտրել են ամառային հանգստից, արդենիսկ փաստում է՝ նրանք կարևորում են կրթությունը։
Պրոռեկտորը, որպես Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի դոցենտ, ծրագրի մասնակիցներին ներկայացրեց ինտերակտիվ դասախոսություն՝ «Ժամանակակից կրթության գլոբալ հեռանկարներ. ինկլյուզիա և էքսկլյուզիա» թեմայով։
Երկխոսության ձևաչափով դասախոսության ընթացքում նա խոսեց գլոբալ կրթության մասին և նշեց, որ ուսուցման այս ձևի միջոցով սովորողները ձեռք կբերեն մի շարք հմտություններ և կկարողանան առավել հեշտությամբ հաղթահարել 21-րդ դարի գլոբալ խնդիրները։
Ըստ Մարիաննա Հարությունյանի, գլոբալ մարտահրավերները պայմանավորված են նաև թվային իրականությամբ. նա խոսեց ժամանակակից երիտասարդության նպատակաների վրա գլոբալ ազդեցության մասին։ Բանախոսն ընդգծեց աշխարհն ավելի լավը դարձնելու երիտասարդների ձգտումը, ստանդարտներից դուրս գալու, քննադատական մտածողության զարգացման կարևորությունը․«Իդեալական կրթության մոդելներ դեռ չկան․շատ բան կախված է անհատից, նրա աշխարհայացքից, արագ փոփոխվող աշխարհը ճիշտ ղեկավարելուց»,- նշեց նա։
ՀՊՄՀ պրոռեկտորը խոսեց նաև կրթական մեթոդների փոփոխության, ուսուցչի և աշակերտի փոփոխված դերի մասին, իսկ որպես սոցիալական կոմպետենտության բաղադրիչ կարևորեց մեդիա, միջմշակութային և տեղեկատվական գրագիտությունը։
Ծրագրի մասնակիցներին ողջունեց նաև ՀՊՄՀ Միջազգային համագործակցության և ծրագրերի կառավարման կենտրոնի ղեկավարի տեղակալ, ծրագրի համակարգող Աննա Հախումյանը: Վերջինս շնորհակալություն հայտնեց ակտիվ մասնակցության, Մանկավարժականն ու «Ամառային դպրոց» ծրագիրն ընտրելու համար: Վստահեցրեց՝ մեծ աշխատանք են կատարել.հաշվի են առնվել բազմաթիվ գործոններ՝ ծրագիրը հանրահռչակելու, առավել մեծ թվով ուսանողների ընդգրկելու համար: Ուրախ է, որ միջազգային ծրագիրը հետաքրքրել է նաև այն բուհերին, որոնց հետ Մանկավարժականը դեռևս չի համագործակում. վստահ է, սակայն, այս ծրագիրն այդ ճանապարհին առաջին ու կարևոր քայլերից է:
«Ամառային դպրոց» միջազգային ծրագրի մասնակից Հյուսիսային Օսեթիայի պետական համալսարանի արևելագիտության բաժնի երկրորդ կուրսի ուսանող Ռուսլան Գաձիևը խոստովանում է՝ ծրագրի առաջին իսկ օրն ինքն ու ընկերները հասկացել են, որ ամեն ինչ շատ լավ է․ ծրագիրը հագեցած է, մթնոլորտը՝ ջերմ ու մտերմիկ: Երկրից դուրս առաջին անգամ է մասնակցում նման ծրագրի. տպավորված է հայկական հյուրընկալությամբ: aspu.am-ի հետ զրույցում վստահեցրեց՝ առաջին հերթին ձգտելու է կապեր հաստատել երկու բուհերի միջև, հետագայում նաև համագործակցել, քանի որ երկու բուհերն էլ ունեն նույն ուղին և ընդհանուր շատ նախագծեր:
Կուբանի պետական համալսարանի ուսանողուհի Նատալյա Պոտապովան ՀՊՄՀ-ի կազմակերպած «Ամառային դպրոցի» մասին տեղեկացել է համացանցից և շատ ուրախ է, որ կարողացել է մասնակցել ծրագրին։ Բարձրագույն մաթեմատիկայի ապագա դասավանդողը նաև տուրիզմի «դեսպան» է, որն իր առաքելություններից է համարում տուրիզմը ՌԴ-ից դուրս ներկայացնելը․ այլ երկրների ուսանողներ ևս պետք է տեղեկանան և մասնակցեն փոխանակման ծրագրերի. «Ես գիտեմ, որ Հայաստանը գեղեցիկ ու արևային երկիր է: Հույս ունեմ, որ կհասցնեմ այցելել թանգարաններ ու պատմամշակութային վայրեր, ինչպես նաև կներկայացնեմ իմ համալսարանը»,-նշում է Նատալյա Պոտապովան և հավելում, որ ձեռք բերած հայաստանյան փորձն ու գիտելիքները, իբրև «տուրիզմի դեսպան», սոցցանցերում կփոխանցի իր հասակակիցներին:
Մոսկվայի պետական մանկավարժահոգեբանական համալսարանի ուսանող Աննա Զարեցկայանն էլ ռուսաց լեզվի և գրականության ապագա դասավանդող է, որ ներկայումս ասպիրանտական կրթությունը շարունակում է հոգեբանամանկավարժական ուղղությամբ: Խոստովանում է՝ հետազոտության մեջ պրակտիկ մասը Հայաստանում անցկացնելը նրա համար երազանք էր. «Սա ինձ համար կունենա նաև գիտական նշանակություն և արժեքավոր փորձ է, որը կտա նաև զարգացման հնարավորություն: Մտերմիկ և ընկերական միջավայրում հնարավոր է խոսել նաև կարևորի մասին, ընդգծել միմյանց փորձը տարբեր ուղղությունների մասով»: Ծրագրի մասնակիցն առաջին անգամ է Հայաստանում․խոստովանում է՝ ծրագրով հիացավ դեռ համացանցում հայտարարությունը տեսնելիս. «Բացի կրթական բաղադրիչից, այն ներառում է նաև մշակութային մաս: Սա հրաշալի հարթակ է տաղանդավոր երիտասարդների հետ շփման և ծանոթությունների համար», -aspu.am-ի հետ զրույցում նշեց նա։
«Ամառային դպրոց»-ի ծրագրի առաջին օրը կրթականից բացի, նաև մշակութային էր․մասնակիցների համար այն նշանավորվեց ազգային պարերի ուսուցմամբ, ինչպես նաև հայկական ամենասիրելի տոներից մեկի՝ Վարդավառի ներկայացմամբ և տոնին բնորոշ միմյանց ջրելու ավանդույթով։