ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
03.07.2017
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Մանկավարժական համալսարանում այսօր մեկնարկեց սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման մեկամսյա ծրագիրը, որին մասնակցում է 17 երկրի 62 ուսուցիչ:

Դասընթացները կազմակերպվելու են 6 ուսումնական խմբերում՝ մանկապարտեզի, տարրական ուսուցման, մեկօրյա դպրոցների, հայոց լեզվի և գրականության դասավանդման, լրացուցիչ կրթության կազմակերպման ուղղություններով, ինչպես նաև արտասահմանյան բուհերում հայերեն ուսումնասիրող ուսանողների համար:

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը կարևորեց ՀՀ արդեն 18-րդ անգամ Կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպվող ձեռնարկը և վստահեցրեց՝ բուհը կանի ամեն ինչ, որ վերապատրաստումներն անցնեն պատշաճ որակով և նպաստեն աշխարհի տարբեր երկրներում սփյուռքահայ ուսուցիչների կարևորագույն գործի իրականացմանը:

«Պետականություն չունենալու պայմաններում դպրոցներն ու եկեղեցիներն են եղել կրթության և հայրենասիրության տաճարներ: Անկախ Հայաստանի պայմաններում շատերն ապրում են հայրենիքից դուրս, երբ էլ ավելի է կարևորվում գաղթօջախների կապը մայր հայրենիքի հետ. այն պետք է ամրանա հայոց լեզվի և պատմության միջոցով»,-նշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ու սփյուռքահայ ուսուցիչներին փոխանցեց օրենսդիր մարմնի երախտագիտությունը՝ վստահեցնելով, որ նրանց շնորհիվ տարբեր երկրների նոր սերունդը հայ մնալու համար պիտի իմանա և մտածի հայերեն:

ԱԺ-ի փոխնախագահի կարծիքով՝ հայապահպանությունը ներկայիս կարևորագույն հարցերից է և պետության պարտքը պետք է լինի ուշադրությունը սևեռել սփյուռքյան գաղթօջախներին, տեղի եկեղեցուն ու դպրոցին: Նա հորդորեց լինել նախաձեռնող ու պահանջատեր, ներկայացնել հարցեր, որոնք ունեն միասնական լուծման անհրաժեշտություն. «Ներկայումս մեր խնդիրը միայն սփյուռքահայ մանուկին հայոց լեզվին ու գրականությանը, պատմությանը ծանոթացնելը չէ, այլև հայության ուշադրությունը դեպի Արցախ սևեռելը, այդ հարցի հայանպաստ լուծման հասնելը, որում մեծ դեր ունեն նաև Սփյուռքի հայկական դպրոցները»:

ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանն այն կարծիքին է, որ հայրենիքում լավ չենք պատկերացնում Սփյուռքում հայկական դպրոցների խնդիրների մասին, այնինչ պետք է հասկանալ՝ դրանք մեծ նշանակություն ունեն բոլորի համար. «Դասընթացները միայն վերապատրաստումների կամ մասնագիտական նոր մակարդակ ապահովելու համար չեն: Մասնակիցները ևս ունեն կարևոր առաքելություն՝ իրենց հետ բերելու տվյալ երկրի կրթական փորձը, որ մենք ևս տեղեկանանք, թե ոլորտում ինչ նորարություններ, բարեփոխումներ կան, ինչպիսի հիմնախնդիրների վրա են աշխատում այդ երկրները»:

Հոգևոր ծառայությունը երկար ժամանակ Սփյուռքում ծավալած Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն էլ վստահ է, որ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումն ու նրանց ներկայությունը Հայաստանում հոգևոր նոր վիճակներ կպարգևի նրանց՝ իրենց աշակերտներին դրանք փոխանցելու համար: Նա Սփյուռքի կյանքում կարևորեց դպրոցների դերը՝ վստահեցնելով, որ ուսուցիչների վրա է երեխաներին ինչ-որ չափով հայեցի պահելու և մայրենի լեզուն պահպանելու բեռը. «Սփյուռքում յուրաքանչյուր երեխայի համար առաջին դպրոցն իր ընտանիքն է և շատ դժվար է պահպանել հայերենն այն ընտանիքներում, որտեղ օտար լեզվով են խոսում: Հարյուրամյակներ շարունակ մեր վարժապետներն ու ուսուցիչներն իրենց ուսերին են կրել հայապահպանության դժվարին գործը»,-նշեց հոգևոր առաջնորդն ու ևս մեկ անգամ հիշեցրեց, որ գաղթի ճանապարհին անգամ հայը տուն կառուցելու փոխարեն եկեղեցի ու դպրոց է հիմնել` համարելով, որ իրեն հայ պահողը լեզուն է և հավատը:

Մեկամսյա վերապատրաստումների համար հայրենիք եկած ուսուցիչներին ողջունեց նաև «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը՝ վստահեցնելով, որ հենց Մանկավարժական համալսարանում է հունցվում հայ մանուկի բարոյական նկարագիրը. «Ուսուցիչը բոլոր ժամանակներում հայտնվել է դժվարին վիճակներում, բայց հավատացել է իր աշակերտներին՝ նրանց աչքերին նայելով: Հայ ուսուցիչներս ունենք երկու առաքելություն՝ մարդակերտում և հայակերտում, որ երբեմն ընտրության առջև է կանգնեցնում»,-նշեց Սուրեն Դանիելյանն ու վստահեցրեց, որ եթե չունենայինք լավ ուսուցիչներ, կձախողեինք նաև պատերազմներում:

Պրոֆեսորը ցավով նկատեց, որ հայկական դպրոցները գնալով ավելի հաճախ են փակվում և դիմելով սփյուռքահայ ուսուցիչներին՝ հորդորեց՝ ձեր հետևից տարեք ձեր աշակերտներին, քանի որ ուսուցիչն է ներարկում հայ մնալու խորհուրդը:

«Հայն ուր ալ երթա, կստեղծի աղոթարան, տպարան և կրթարան». մեջբերելով Վիլյամ Սարոյանին՝ ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Հովհաննիսյանը վստահեցրեց, որ լեզուն սոսկ հաղորդակցության միջոց չէ. որտեղ լեզուն է, այնտեղ էլ հայրենիքն է:

«Սփյուռքահայ ուսուցիչները հայրենիքից հեռու հայոց լեզվի պահապան հրեշտակներն են. նրանցից շատ բան է կախված, հատկապես, որ մարդը հայ է ձևավորվում դեռ փոքր տարիքում»,-ողջունելով վերապատրաստվող ուսուցիչներին՝ նշեց ԳԱԱ թղթակից անդամ, Հայ հին և միջնադարյան գրականության ամբիոնի վարիչ Աելիտա Դոլուխանյանն ու ևս մեկ անգամ մեջբերեց Խաչատուր Աբովյանին՝ ազգին պահողը լեզուն է ու հավատը:

Սփյուռքահայ ուսուցիչները շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության և իրենց համար կարևոր ձեռնարկի համար՝ վստահ լինելով, որ Մանկավարժական համալսարանում նրանք կստանան այն, ինչ հնարավոր չէ ստանալ մեկ այլ տեղից:

Նշենք, որ Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման մեկամսյա ծրագիրը գործում է 2000 թվականից: Դասընթացների ավարտին կտրվեն ՀՀ ԿԳՆ-ի և Մանկավարժական համալսարանի վկայագրեր: