ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կվերապատրաստվեն սփյուռքահայ ուսուցիչները
01.07.2024
Կվերապատրաստվեն սփյուռքահայ ուսուցիչները

Մանկավարժական համալսարանում այսօր մեկնարկեց սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման մեկամսյա ծրագիրը, որին մասնակցում է 14 երկրից 60 ուսուցիչ:

Դասընթացներն անցկացվելու են 7 ուսումնական խմբում՝ մանկապարտեզի, մեկօրյա դպրոցների, տարրական ուսուցման, հայոց լեզվի և գրականության դասավանդման, պարարվեստի, հայոց պատմության և մշակույթի պատմության, ինչպես նաև տնօրենների վերապատրաստման։

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը կարևորեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության կազմակերպած և արդեն 13-րդ անգամ ՀՊՄՀ «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի կողմից անցկացվող ձեռնարկն ու վստահեցրեց՝ վերապատրաստումների համար բուհի պրոֆեսորադասախոսական կազմից ընտրվել են լավագույնները։ Լիահույս է՝ մեկնարկն ու ընթացքը բարեհաջող կլինեն։

Սփյուռքահայ ուսուցիչներին ողջունեց նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու ընդգծեց, որ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումը նախարարության ստացված ծրագրերից մեկն է․2000 թվականից փորձել են հարթակ հանդիսանալ սփյուռքի տարբեր կրթօջախների ուսուցիչների համար, հավաքվել, քննարկել կարևորագույն խնդիրներ, որոնք ծառացած են բոլոր երկրներում գործող մանկավարժների առջև։

Նախարարը նկատեց՝ ծրագիրը յուրահատուկ է․ թույլ է տալիս ամրապնդել, զարգացնել հայկական մշակույթի, պատմության, հայերենի իմացության վերաբերյալ գիտելիքները, որոնք սփյուռքի կենսունակության և մեր կրթության հեռանկարային կապերի զարգացման հնարավորություն են տալիս։

Ժաննա Անդրեասյանը կարևորեց, որ ծրագիրն, անկախ դժվարություններից, շարունակվել է նաև համավարակի պայմաններում, ընդլայնելով մասնակիցների թիվը։

Նա վստահեցրեց՝ կրթության ոլորտում իրենց քաղաքականությամբ և ռազմավարությամբ փորձում են խրախուսել, զարգացնել, ընդլայնել նոր ծրագրեր և ապահովել նախորդների հետ դրանց համակցումը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարը նշեց նաև՝ արտերկրյա այցերի ընթացքում, սփյուռքի տարբեր կրթօջախների ներկայացուցիչների հետ հանդիպումներում է համոզվել ՝ հայերեն սովորել ցանկացողների թիվն աճել է նաև ոչ հայերի շրջանում․ կարող են հայերենի իմացության տարածման դերն ու փորձառությունը իրենց վրա վերցնել՝ ապահովելով հայագիտության զարգացումն ու մեր լեզվի կենսունակությունը․«Հեշտ օրեր չենք ապրում, բայց նաև կրթության միջոցով պետք է լավատես լինենք․ այն առաջ գնալու, զարգանալու մղում է տալիս։ Վստահեցնում եմ՝ Մանկավարժական համալսարանն ու մենք՝ բոլորս, մեծ պատասխանատվությամբ ենք վերաբերվում այս աշխատանքին, իսկ հետադարձ կապի միջոցով առավել կբարելավենք ձեր ակնկալիքները»։

«Սփյուք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանն էլ հույս հայտնեց, որ վերապատրաստվող ուսուցիչներն իրենց վաղվա օրը կտեսնեն կրթության ասպարեզում։

Սփյուռքահայ ուսուցիչները շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության և իրենց համար կարևոր ձեռնարկի համար։ Նրանք հարց ու պատասխանի ձևաչափում ներկայացրին վերապատրաստումների վերաբերյալ իրենց դիտարկումները՝ վստահ լինելով, որ Մանկավարժական համալսարանում կստանան նոր գիտելիքներ և սփյուռքի տարբեր անկյուններում պատվով կիրագործեն հայ երեխային հայ պահելու կարևոր առաքելությունը։