ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մեկնարկել են սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումները
02.07.2018
Մեկնարկել են սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումները

Մանկավարժական համալսարանում այսօր մեկնարկեցին սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումները:

Հուլիսի 2-27-ն անցկացվող ծրագրին մասնակցում է 15 երկրից 60 ուսուցիչ: Նրանք կվերապատրաստվեն ուսումնական 6 խմբերով: Այդ շրջանակներում մասնակիցների համար նախատեսվում են մշակութային միջոցառումներ, հանդիպումներ, շրջայցեր:

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ողջունեց սփյուռքահայ ուսուցիչներին և վստահեցրեց, որ բուհը կանի հնարավորը այն պատշաճ մակարդակով անցկացնելու համար:

«Քաղաքական նոր իրողությունը հսկայական խանդավառություն է առաջացրել ինչպես հայրենիքում, այնպես էլ Սփյուռքում: Վստահ ենք, որ ականատեսը լինելով հայաստանյան դրական փոփոխություններին, դուք այն կհաղորդեք նաև հայկական դպրոցներին»,-հավելեց ռեկտորը:

ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը վերապատրաստումներից բացի, առանձնակի կարևորեց հատկապես ուսուցիչների կերպարը, որը վերջին տարիներին տարբեր պատճառներով աղավաղվել է. այն վերակերտելու անհրաժեշտություն ունի:

«Սփյուռքում մեր գլխավոր խնդիրը հայապահպանությունն է. այդ ուղղությամբ ձեր ուսերին է դրված մեծ բեռը: Սփյուռքն ու Հայաստանը միմյանց համար ունեն կենսական նշանակություն»,-նշեց փոխնախարար Հովհաննիսյանն ու արգասաբեր աշխատանք մաղթեց մասնակիցներին:

Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն իր օրհնությունը բերեց ծրագրի մասնակիցներին և նկատեց, որ ուսուցիչները հայրենիքում նոր գիտելիքներ ամբարելու, դրանք հայ մանուկներին փոխանցելու կամք են դրսևորել:

Սրբազանը հույս հայտնեց, որ վերապատրաստումների շրջանակներում կփորձեն հնարավորինս բացահայտել հայրենիքում և Սփյուռքում կրթական ոլորտի կարիքները. «Մենք գիտենք՝ հայ մանուկին պիտի հայ պահենք հոգով, լեզվով, մշակույթով, սակայն այդ գործը հաջողելու համար ճիշտ է, որ մենք մեկտեղված գտնենք ուղիներ»,-նշեց Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն ու շնորհակալություն հայտնեց ուսուցիչներին Սփյուռքում կարևոր առաքելության համար:

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՊՄՀ-ի պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը բազմաթիվ առիթներով եղել է Սփյուռքի դպրոցներում և ներսից ծանոթացել կրթական խնդիրներին:
Աշոտ Մելքոնյանը վստահ է՝ համահայկական դասագրքեր ստեղծելու հարցում մենք ուշացել ենք. «Հայրենիքի բարգավաճումը կախված չէ այն հանգամանքից, թե որտեղ ենք մենք ապրում. պետք է նույնկերպ մտածել ու հայի տեսակը պահպանել որտեղ էլ լինենք»:

Վերջինս վստահ է՝ սփյուռքյան ուսուցիչներն ունեն մեծ փորձ և կրկնակի ուրախ է, որ նրանք ցանկություն են հայտնել ընդլայնել այդ փորձի շրջանակն ու ձեռք բերել նոր գիտելիքներ. «Լինել ուսուցիչ բարեբախտություն է, քանի որ հոգևոր հանգստություն է տեսնել աշակերտիդ հաջողությունները»,-հավելեց Աշոտ Մելքոնյանը:

ՀՀ ԿԳՆ-ի կազմակերպած սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ամառային դասընթացն անցկացվում է Մանկավարժական համալսարանի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնում:

Կենտրոնի տնօրեն, ՀՊՄՀ-ի Հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը ևս այն կարծիքին է, որ ուսուցիչը ճգնաժամի մեջ է և վերափոխվելու խնդիրներ ունի և´ Հայաստանում, և´ Սփյուռքում:

«Մենք բոլորս նույն գործի շահառուներ ենք և պետք է քաջ գիտակցենք, որ մեր խնդիրը ոչ միայն հայապահպանումն է, այլև կատարած գործի բարձր գիտակցումը: Քաջ գիտակցում ենք՝ ուսուցիչ լինելը ծանր խաչ է Սփյուռքում, հատկապես, երբ դեռևս կան դպրոցների փակման վտանգ, լեզվի պահպանման խնդիրներ և այլն»,-նշեց Սուրեն Դանիելյանն ու հավելեց, որ բոլոր խնդիրները բերում են միասին աշխատելու և նպատակին հասնելու կամք ու ցանկություն, իսկ առաջին քայլերն կատարվում են հենց Մանկավարժական համալսարանում:

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՊՄՀ-ի Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Աելիտա Դոլուխանյանն այս տարի ևս վերապատրաստողների թվում է: Ուրախ է և հպարտ, որ սփյուռքահայ ուսուցիչների հետ աշխատելու հնարավորություն ունի. «Վերապատրաստումներն անհրաժեշտություն են բոլորի համար և բոլոր ժամանակներում»,-հորդորեց պրոֆեսոր Դոլուխանյանն ու վստահեցրեց, որ այս տարի ևս ծրագիրը հագեցած է և բովանդակալի: