ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մեկնարկել են «Ուզում եմ իմանալ ավելին» առցանց հանդիպումները
09.07.2020
Մեկնարկել են «Ուզում եմ իմանալ ավելին» առցանց հանդիպումները

ՀՊՄՀ-ի Առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի նախաձեռնությամբ մեկնարկել է «Ուզում եմ իմանալ ավելին» առցանց առաջին հանդիպումը:

Բժշկագիտության և առողջապահության ամառային դպրոցի առաջին հանդիպմանը մասնակցում էին Մանկավարժական համալսարանի տարբեր ֆակուլտետների ուսանողներն ու դասախոսները, բժիշկներ և հյուրեր:

Հանդիպումը նվիրված էր ԿՈՎԻԴ-19 համավարակի ժամանակակից պատկերացումների քննարկմանը:

Առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու, ընտանեկան բժիշկ, թոքաբան Աննա Մարգարյանը ներկայացրեց ԿՈՎԻԴ-19 հիվանդության ժամանակակից պատկերացումները՝ շեշտադրելով կլինիկական ընթացքն ու կանխարգելման սկզբունքները:

Մեկնաբանվեց նաև ուսանողների շրջանում անցկացված ԿՈՎԻԴ-19 վերաբերյալ գիտելիքների և վարքագծի ուսումնասիրման ստացված արդյունքները:

Առցանց հանդիպմանը զեկույցով հանդես եկավ նաև հրավիրված դասախոս, մանկաբույժ, Երեխաների շնչառական առողջության պահպանման «Առողջապահական» ՀԿ-ի նախագահ Սաթենիկ Հարությունյանը, որն անդրադարձավ նոր կորոնավիրուսային վարակի առանձնահատկություններին երեխաների շրջանում:  Մասնագետը շեշտեց երեխաների տարբեր տարիքային խմբերում այս հիվանդության վաղ ախտանիշների ճանաչման կարևորությունը, ներկայացրեց կլինիկական օրինակներ գործնական աշխատանքից:

Ուսանողներն ու դասախոսները շնորհակալություն հայտնեցին նախաձեռնության համար և ընդգծեցին, որ  մեծ հետաքրքրություն ունեն նմանատիպ միջոցառումների հանդեպ:

Հավելենք, որ Բժշկագիտության և առողջապահության ամառային դպրոցի «Ուզում եմ իմանալ ավելին» խորագրով առցանց հանդիպումները կլինեն շարունակական, հաջորդ հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին: