ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մելանյա Աստվածատրյան. «Փոխվել են օտար լեզուների ուսուցման նպատակները»
18.04.2017
Մելանյա Աստվածատրյան. «Փոխվել են օտար լեզուների ուսուցման նպատակները»

Մանկավարժական համալսարանում մեկնարկել է «Օտար լեզուների ուսուցումը ինստիտուցիոնալ բազմալեզվության պայմաններում» թեմայով ուսանողական միջազգային գիտաժողով:

Օտար լեզուների ֆակուլտետի, Օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի և Գերմանական լեզուների ամբիոնների նախաձեռնությամբ միջազգային կոնֆերանսին մասնակցում են նաև Գերմանիայից, Մոսկվայից և Սերբիայից ժամանած ուսանողներ:

Պլենար նիստում և 4 մասնաճյուղերում հայ և օտարազգի մասնակիցները ինստիտուցիոնալ բազմալեզվության համատեքստում քննարկեցին օտար լեզուների ուսուցման, տիպաբանական և գործաբանական վերլուծության առանձնահատկությունների հիմնախնդիրները։

Այս խնդիրը մասամբ համընկնում է նաև որոշ երկրներում լեզվական իրավիճակի հետ այն տեսանկյունից, որ անհրաժեշտ է բացահայտել առնչվող լեզուների հատման կետերը։

ՀՀ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանն իր խոսքում կարևորեց ուսանողի՝ ոչ միայն լավ մասնագետ, այլև լավ հետազոտող լինելու անհրաժեշտությունը և հավելեց, որ այդ ճանապարհին ուսանողն ուղղակի պարտավոր է զբաղվել մինչ օրս չլուծված որևէ արժեքավոր հարցով: Հետազոտական ճանապարհին հանդիպող դժվարությունների մասին խոսելիս փոխնախարարն անդրադարձավ նաև բազմալեզվությանը. «Պարտադիր չէ բոլոր լեզուները շատ լավ իմանալ. այսօր ունենք լեզուների ուսուցման նպատակների ասիմետրիա՝ մեկը լավ իմանալ, մյուսով խոսել, գրել: Այդ ամենը կազմել է մի լեզվական ցանց, որտեղ ամեն լեզվի համար առանձին տեղ կա»:

Բազմալեզվության զարգացման քաղաքականության իրականացմանն անդրադարձավ ՀՊՄՀ-ի պրոռեկտոր Արա Երեմյանը՝ հույս հայտնելով, որ այն տարբեր երկրներում կարելի է իրականացնել տարբեր ուղիներով՝ կախված պատմությանն ու գերակայություններին համապատասխան կոնկրետ հանգամանքներից ու իրավիճակներից:

«Մարդկանց բազմալեզու հաղորդակցության «լեզվացանկի» ճանաչումը հանգեցում է լեզվական հանդուրժողականության և լեզվական տարբերությունների նկատմամբ հարգանքի: Դա ենթադրում է նաև հարգանք խոսքի ազատության, լեզվական փոքրամասնությունների, ամենաքիչն օգտագործվող ու ուսուցանվող ազգային լեզուների, միջտարածաշրջանային և միջազգային հաղորդակցմանը նպաստող լեզվական բազմազանության նկատմամբ»,-նշեց Արա Երեմյանն ու հավելեց, որ լեզվակրթական քաղաքականությունը սերտորեն առնչվում է ժողովրդավարական քաղաքակրթության արժեքների յուրացման հետ:

Միջազգային ուսանողական երկօրյա գիտաժողովի աշխատանքներն ընթացան 4 մասնաճյուղերով, որտեղ ապագա մանկավարժներն անդրադարձան բազմալեզվության պայմաններում լեզուների ուսուցման և ուսումնառության մեթոդաբանական հիմունքներին, լեզուների տիպաբանական առանձնահատկություններին ու ուսուցման դժվարություններին, ինստիտուցիոնալ բազմալեզվության պայմաններում ռուսաց լեզվի ուսուցման ուսումնառության մեթոդաբանական հիմունքներին ու մեթոդիկային, ինչպես նաև օտար լեզուների դասավանդման ընթացքում գործաբանական կոմպետենցիայի ձևավորմանը:

«Փոխվել են օտար լեզուների ուսուցման նպատակները. մենք չպետք է ձգտենք ուժեղացված սովորել մի քանի լեզու, քանի որ ստեղծում ենք մի խաղա-լեզվացանկ, ուր յուրաքանչյուր լեզու իր ուրույն տեղն ունի, առավել ևս՝ մայրենին»,-նշեց Օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մելանյա Աստվածատրյանն ու վստահեցրեց, որ օտար լեզուների ուսուցման նպատակը ոչ միայն հաղորդակցման կոմպետենցիայի, այլև կոգնիտիվ հաղորդակցության ձևավորումն է: Նրա կարծիքով՝ բազմալեզվությունը մեր օրերում ուժեղ թափ է առնում և բոլորս ակամայից գտնվում ենք այդ միջավայրում. պետք է տեղյակ լինել ինստիտուցիոնալ փոփոխություններին:

Պրոֆեսորն ուրախությամբ է նկատում, որ ուսանողներն իրենց զեկույցներում ներառել են պրակտիկայի կամ մագիստրոսական թեզերի հետազոտությունների արդյունքները, որոնք կապված են բազմալեզվության սկզբունքների, դրանց կիրառման գործիքների բացահայտման հետ:

Ամփոփելով գիտաժողովի արդյունքները՝ Մելանյա Աստվածատրյանը վստահեցրեց, որ օտար լեզուների դասավանդման ընթացքում բազում խնդիրների կողքին կան նաև առավելություններ. «Պետք է փոխել մեթոդաբանությունը՝ դառնալով այն, ինչ պահանջում է ժամանակը»:

Երկօրյա գիտաժողովի արդյունքները կամփոփվեն վաղը: