ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Մենք կարևորում ենք կրթության ոլորտում հայ-չինական հարաբերությունների զարգացումը»
26.04.2019
«Մենք կարևորում ենք կրթության ոլորտում հայ-չինական հարաբերությունների զարգացումը»

Մանկավարժական համալսարանում է Չինաստանի Հարավ-արևմտյան համալսարանի պատվիրակությունը, որի կազմում են Ռուսախոս երկրների ինստիտուտի տնօրեն, ռուսաց լեզվի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Սե Չժոուն, Օտար լեզուների ինստիտուտի պրոֆեսոր Լի Սյատաոն և մագիստրոս Չժան Չենդունը:

Երկօրյա այցի ընթացքում չին հյուրերը հանդիպումներ ունեցան բուհի պրոռեկտորների հետ, եղան Կուլտուրայի, Պատմության և իրավագիտության, Հատուկ և ներառական կրթության, Գեղարվեստական կրթության ֆակուլտետներում, դեկանների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ քննարկեցին համագործակցության հնարավոր ուղիներն ու հնարավորությունները:

Վերջիններս այցելեցին նաև «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտ, Պրակտիկայի կենտրոն, «Հայաստանը 1920-1991թթ.» գիտական լաբորատորիայում, ծանոթացան կառույցների գործունեությանը: Լրատվության և հանրության հետ կապերի վարչության աշխատակազմի հետ հանդիպման ընթացքում երկուստեք ծանոթացան բուհերի PR տեխնոլոգիաներին, իսկ ավարտին պրոֆեսոր Սե Չժոուն հյուրընկալվեց Ռադիո Ֆամայի «Հարցազրույց կարևորի մասին» հաղորդմանը:

Այցի ավարտին չին պատվիրակներին հյուրընկալեց նաև բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը և հավաստիացրեց, որ Մանկավարժական համալսարանը կարևորում է միջազգային կապերի ընդլայնումը, այդ թվում նաև Չինաստանի մի շարք բուհերի հետ համագործակցությունը:

«Մենք կարևորում ենք կրթության ոլորտում հայ-չինական հարաբերությունների զարգացումը»,-հավաստիացրեց ռեկտորը և հավելեց, որ մի շարք մասնագիտությունների գծով բուհն ունի մենաշնորհ և այդ տեսանկյունից կարող է որոշակի հետաքրքրություն ներկայացնել:

Ռեկտորի կարծիքով՝ մեր երկրի կրթական համակարգի, տարբեր համալսարանների հնարավորություններին ծանոթանալը հնարավորություն կտա հյուրընկալել ավելի մեծ թվով չին ուսանողների և դասավանդողների: Ռուբեն Միրզախանյանը խոսեց նաև «Ամառային դպրոց» ծրագրի շրջանակներում ուսանողների փոխանակման կարևորության մասին, ինչը երկուստեք հնարավորություն է ընձեռում ծանոթանալ միմյանց հարուստ պատմությանը, մշակույթին ու ավանդույթներին:

Ռուսախոս երկրների ինստիտուտի տնօրեն, ռուսաց լեզվի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Սե Չժոուն շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և ընդգծեց, որ այս օրերին հասցրել են ծանոթանալ բուհի հնարավորություններին, նախանշել համագործակցության որոշ ուղիներ:

Պատվիրակներն առանձնակի ընդգծեցին բուհի ջերմ հյուրընկալությունն ու համագործակցության պատրաստակամությունը: Խոսելով իրենց հետաքրքրող ոլորտների մասին՝ չին հյուրերը նշեցին, որ առավել հետաքրքրված են հայագիտության, գիտական ամսագրերում հոդվածներ տպագրելու, ռուսաց լեզվով ՀՊՄՀ-ի դասախոսներ հրավիրելու ուղղությամբ:

Պրոֆեսոր Սե Չժոուն հավելեց նաև, որ համագործակցությանն ուղղված առաջին քայլը համաձայնագրի կնքումն է և առաջիկայում նախատեսված է բուհի ռեկտորի այցը Մանկավարժական համալսարան: