ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Մեր դպրոցն այնքան լավն է». հրաժեշտ տարրական դպրոցին
30.06.2021
«Մեր դպրոցն այնքան լավն է». հրաժեշտ տարրական դպրոցին

«Ուրախ ղողանջեր» հեռուստաալիքի հեռուստահաղորդումների տոնական ծրագրի բեմականացմամբ ՀՊՄՀ-ի համար 57 հիմնական դպրոցի 4ա դասարանի 35 աշակերտ հրաժեշտ տվեց տարրական դպրոցին՝ տեղափոխվելով միջին դպրոց:

Հաղորդումների ընթացքում ներկաները աշակերտների հետ վերհիշեցին անցած չորս տարիները՝ երգեցին, զվարճացան, ուրախացան, տխրեցին, հպարտացան:

«Մեր դպրոցն այնքան լավն է, որ արդենիսկ գրանցված են 2025 թվականին այստեղ առաջին դասարանում սովորել ցանկացողները, այնինչ դասարանում այլևս տեղ չկա. վայ, չէ, կարծես թե մեկ հոգու տեղ ունեն»,-կեսկատակ-կեսլուրջ, բայց նման գնահատականով աշակերտները ևս մեկ անգամ ընդգծեցին հարազատ կրթօջախի դերն ու կարևորությունը:

40-ամյա մանկավարժական փորձ ունեցող 4ա դասարանի դասվար Կարինե Չիբուխչյանը վերջին տարիներին է համալրել Մանկավարժական համալսարանի համար 57 հիմնական դպրոցի ուսուցիչների շարքը. «Մանկավարժությունը մասնագիտություն չէ. հպարտ եմ, որ դասվար եմ. չէ՞ որ այն ապրելակերպ է: Մանկավարժականի հիմնական դպրոցում թևեր ես առնում, ստեղծագործելու լայն հնարավորություններ են տրված.կա ձևավորված թիմ, բուհն էլ ամեն կերպ աջակցում է, որ իրականացնես նույնիսկ ամենահամարձակ գաղափարները»:

Կարինե Չիբուխչյանը նկատեց՝ չորս տարիները զարմանալիորեն արագ անցան. ամեն ինչ էլ եղել է, բայց ցանկանում է, որ աշակերտներին ուղեկցեն միան պայծառ ու հաճելի հիշողությունները: Իր սովորացրածի պես՝ լինեն հայրենասեր, ազնիվ ու երջանիկ:

Միջին դպրոցի ուսուցիչներին էլ հորդորեց առաջնորդվել հայտնի պատվիրանով՝ սիրել աշակերտներին, ինչպես ինքն է սիրել.«Տարբեր են նրանք՝ հանգիստ, ժիր, չեն սիրում նույն տեղում նստել, բայց վստահեք ու հավատացեք նրանց.միայն այդկերպ կհաղթահարեք խոչընդոտները»:

Մի շարք մեթոդական ձեռնարկների հեղինակն այս տարի նույնպես կունենա նոր առաջին դասարան, կսովորեցնի կարդալ, գրել, ընկերանալ. ի դեպ, դպրոցն այս տարի կունենա 62 առաջին դասարանցի, կլինի երկու առաջին դասարան: Առաջին դասարանի աշակերտներից շատերը, ծնողների ուղեկցությամբ, ներկա էին հրաժեշտի միջոցառմանը. ծանոթացան կրթօջախին, իբրև խրախուսանք՝ ավագ ընկերներից ստացան գրենական պիտույքներ:

Հիմնական դպրոցի տնօրեն Նաիրա Տողանյանն անցած ուսումնական տարին բարդ ու նոր մարտահրավերներով լի համարեց. նախ համավարակը՝ առցանց կրթությամբ, ապա նաև պատերազմը, որի հետևանքները հաղթահարելը դեռ առջևում է. «Երեխաները փոքր են, բայց նրանք ամեն ինչ զգում ու հասկանում են»:

Դպրոցի տնօրենը 4ա-ն բացառիկ դասարան համարեց՝ նկատելով՝ առջևում շատ կարևոր է պահել նվաճումները, չիջեցնել նշաձողն ու առաջ գնալ.«Բազմաշնորհ դասարանի դեպքում այդ խնդիրը կրկնակի բարդ է. երեխաները մեծ կապվածություն ունեն դասվարի հետ, որն այս դեպքում նաև ծնողի դեր է ստանձնում: Սեր, մարդ լինելու ձգտում. հայրենասեր մարդ է դաստիարակել»:

ՀՊՄՀ-ի համար 57 հիմնական դպրոցն այս տարի կունենա նաև նոր դասվար: Ստեփանակերտից Երևան տեղափոխված Անի Սողոմոնյանը 16 տարվա մանկավարժական փորձ ունի: Տեղափոխվելու որոշումը դժվար է կայացրել, բայց առաքելությունը նույնն է՝ կրթել հայրենասեր և բանիմաց սերունդ, որը կկարողանա դիմագրավել նոր մարտահրավերներին.«Երեխային տեսնելիս ցանկանում ես բռնել նրա ձեռքն ու իր հետ բաձրանալ»,-հավելեց դպրոցի նորեկ դասվարը: