ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Մեր հաղթանակի օրը դեռ գալու է»
21.12.2020
«Մեր հաղթանակի օրը դեռ գալու է»

Լռության րոպե, մոմավառություն, խոնարհումի, երախտագիտության խոսքեր և հաղթանակի խոստում`ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանի աշակերտների մասնակցությամբ կազմակերպված հիշատակի ցերեկույթին:

Աշակերտները գիտակցում են, որ պարտություններն անխուսափելի են, սակայն կռիվը դեռ չի ավարտվել, հայրենիքը վտանգի մեջ է:

Սա ոչ թե սգո, այլ հերոսների հավերժացման օրն է. այս գիտակցմամբ են վարժարանցիները ներկայացնում հերոսներին ու նրանց հերոսական դրվագները և խոստանում իրենց ուսերին կրել հայրենիքը հետ բերելու սրբազան պարտքը:

Պատերազմում վարժարանի փոքր ընտանիքը ևս կորուստներ  է ունեցել: Զոհվեցին շրջանավարտներ Տիգրան Միկոյանն ու Ազատ Մաջարյանը, անմահացան վարժարանի աշակերտների և ուսուցիչների եղբայրներ, հայրեր, հարազատներ: Վարժարանցիները հիշատակեցին նաև Մանկավարժական համալսարանի 22 զոհված  ուսանողներին և շրջանավարտներին:

Երախտիքի խոսքեր բոլոր նվիրյալներին, նրանք  անմահացան, որ երկնքում ավելի վառ փայլեն, որ վերևից հսկեն Արցախն ու մշտարթուն ներկայությամբ հորդորեն պատմությունից դասեր քաղել:

Թաց են հիաշատակի ցերեկույթի բոլոր ներկաների աչքերը. Հայաստան աշխարհում իջեցված եռագույնը ալեկոծել է բոլորի սրտերը. «Երախտապարտ ենք, մեր լույս ընկերներ, եղբայրներ, հայրեր…ներեք մեզ, ուժ ու ոգի տվեք եռագույնը սևից ազատելու»:

«Եռաբլուրի բարձունքից Արցախյան հերոսամարտին իրենց կյանքը նվիրած նահատակները մեզ պարտադրում են չկորցնել զգոնությունը, որ ինչ պատերազմ էլ պարտադրեն, չպարտվենք և ամուր պահենք մեր Սուրբ Հայրենիքը. մենք պարտավոր ենք և պետք է նաև մեր կրթությամբ և գիտելիքներով հաղթենք»,-դիմելով աշակերտներին` նշեց վարժարանի տնօրեն Նաիրա Սաֆարյանն ու վստահեցրեց` հաղթանակի օրը դեռ գալու է:

Նա հորդորեց վարժարանցիներին բազմապատկել նպատակներն ու երազանքները և ավելի ամուր ու հաստատուն քայլերով գնալ դեպի դրանց կատարմանը:

Վարժարանի տնօրենը նաև շնորհակալություն հայտնեց աշակերտներին, որոնք այդ օրերին թիկունքն ամուր պահեցին և ամենատարբեր աշխատանքներով աջակցեցին բանակին: Աշակերտներից շատերն արժանացան շնորհակալագրերի: