«Կենտրոն․Երևանը խոշորացույցի տակ» նախագծի շրջանակում անցկացված լուսանկարների ցուցահանդես-մրցույթի արդյունքներով 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրին Մանկավարժական համալսարանի Գեղարվեստական լուսանկարչության բաժնի 2-րդ կուրսի ուսանող Նանե Ալեքսանյանը՝ կուրսի ղեկավար Արմեն Խաչատրյան, և նույն բաժնի շրջանավարտ Արամ Խաչատրյանը:
Ցուցահանդեսում ներկայացված էին մրցույթի լավագույն 30 աշխատանքները, ինչպես նաև նախորդ տարվա «Զգա՛ Երևանի շունչը» մրցույթի հաղթող Լենդո Պետրոսյանի լուսանկարները։
Ցուցահանդեսին ներկա էին եղել և իրենց մասնագիտական գնահատականը տվեցին «Հայ լուսանկարիչներ» ազգային ասոցիացիայի նախագահ Սերգեյ Հակոբյանը, ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի դասախոս Արմեն Խաչատրյանը, «Երևան. ճեպանկարների գիրք»-ի համահեղինակ Արարատ Մինասյանը և գրաֆիկ դիզայներ, դիջիթալ արտիստ Լենդո Պետրոսյանը։
Ցուցահանդեսը մեկնարկեց «Լիբերտա» լարային քառյակի ելույթով, որն ամբողջ միջոցառման ընթացքում ապահովեց ցուցահանդեսին ազգային ոգին ու շունչը։
Հյուրերն ու անցորդները շրջեցին վարչական շրջանի շենքի նախասրահում, ծանոթացան մրցութային լուսանկարներին։
Միջոցառման ավարտին մրցույթի առաջին երեք տեղերը զբաղեցրած լուսանկարների հեղինակներին շնորհվեցին հավաստագրեր և դրամական պարգևներ, իսկ մրցույթի բոլոր 13 մասնակիցներին հանձնվեցին շնորհակալագրեր և հուշանվերներ։