«Գերազանց կրթություն Հայաստանի բոլոր երեխաների համար»․ այս առաքելությամբ ու կարգախոսով «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը համալսարան-գործատու համագործակցության շրջանակում կազմակերպել էր հանդիպում ՀՊՄՀ-ի ուսանողների հետ:
Կարիերայի աճ, առաջնորդության զարգացում, մասնագիտական գիտելիքների գործնական կիրառում և այլն․ սրանք այն հնարավորություններն են, որ ընձեռում է հիմնադրամը երիտասարդ ուսանողին և մարդկանց, ովքեր հավատում են՝ յուրաքանչյուր երեխա պետք է ստանա գերազանց հանրակրթական ուսուցում:
«Գործատուի պահանջները խիստ են, ուստի առանց գործնական լուրջ հմտությունների և կարողությունների դժվար կլինի մրցակցային շուկա մուտք գործել: «Առաջնորդության զարգացման» ծրագիրը հնարավորթյուն է տալիս ուսուցմանը զուգընթաց գիտելիքները կիրառել գործնականում»,- նշեց Մանկավարժական համալսարանի Համալսարան-գործատու համագործակցության կենտրոնի ղեկավար Ռիտա Գևորգյանը։
«Դասավանդի՛ր, Հայաստան» -ի հավաքագրման մասնագետի կարծիքով՝ Հայաստանի մարզերի ամենակարիքավոր դպրոցներում հիմնադրամի վերապատրաստած մասնագետների շնորհիվ լրացվում են ուսուցչի թափուր հաստիքները։ Կրթական հիմնադրամի ներկայացուցիչները վստահ են՝ ծրագիրը հարթակ է, որտեղ տարբեր մասնագիտություն ունեցող մարդիկ կարող են հանդես գալ նոր մտքերով և արձանագրել մեծ փոփոխություններ՝ փոքր քայլերով։
ՀՊՄՀ-ի Համալսարան-գործատու համագործակցության կենտրոնի ղեկավար Ռիտա Գևորգյանը շնորհակալություն հայտնեց հիմնադրամի ներկայացուցիչներին ուսանողների հետ հանդիպման համար և հույս հայտնեց, որ աբովյանականներն ակտիվ մասնակցություն կունենան ծրագրին ու իրենց ներուժը կկարողանան ներդնել գյուղական բնակավայրերի կրթության զարգացման և համայնքային բարեփոխումների գործում: